Սեպտեմբերին տեղի կունենա Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային վեցերորդ օլիմպիադան
Սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի կունենա Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային վեցերորդ օլիմպիադան, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ուսանողներ և ճարտարագետներ Հայաստանից և արտերկրից: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչը Սինոփսիս Արմենիան է, գլխավոր հովանավորը` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ այս տարի օլիմպիադային մասնակցելու ցանկություն են հայտնել երիտասարդներ մի շարք այլ երկրներից` Բուլղարիայից, Գերմանիայից, Հորդանանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից: Հայաստանից մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը դիմումները ներկայացնել [email protected] էլ. փոստին կամ դիմել Սինոփսիս Արմենիա ՓԲԸ, իսկ այլ երկրներից` դիմել տեղական կոմիտեներին կամ համապատասխան անձանց (մանրանասները` www.microolymp.am կայքում):
Օլիմպիադան անցկացվելու է 2 փուլով: Առաջին փուլը տեղի կունենա մասնակից բոլոր երկրներում` ստուգարքի ձևով, իսկ վերջնական փուլը, որտեղ կմրցեն բոլոր երկրների լավագույն մասնակիցները` 2011 թ. հոկտեմբերի 11-ին, Հայաստանում, Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում: Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները` թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա և ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում: Նախորդ օլիմպիադաների թեստային հարցերը, խնդիրները և լուծումները կարելի է գտնել www.microolymp.am կայքում:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերից բացի մրցանակներ կլինեն նաև հետևյալ անվանակարգերում` Լավագույն ճարտարագիտական լուծում, Ամենաստեղծագործական լուծում, Ամենայուրօրինակ լուծում, Լավագույն աղջիկ մասնակից, Ամենաերիտասարդ մասնակից և Լավագույն արդյունք յուրաքանչյուր երկրից:
Օլիմպիադայի նպատակն է Հայաստանում և մասնակից երկրներում խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը, հայտնաբերել և խրախուսել երիտասարդ, տաղանդավոր կադրերի, մեծացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդ մասնագետների շրջանում, պարզաբանել մասնակից երկրների երիտասարդ մասնագետների շրջանում միկրոէլեկտրոնիկայի բնագավառում գիտելիքների մակարդակը և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել կրթական ծրագրերում, ինչպես նաև նպաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնքի ձևավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան