Ազատ առևտրի գոտիները` խթան Հայաստանի և այլ երկրների գործարարների համար
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում են ունեցել հայ և լեհ գործարարների հետ: ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանի ավանդույթները, գիտական և տեխնոլոգիական ներուժը զարգացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության, քիմիական արդյունաբերության ոլորտների համար:
«Այստեղ իրոք հնարավորությունները շատ են: Հայաստանում բացվում են Ազատ առևտրի գոտիներ, որտեղ գործարարները Հայաստանի համար նորարարական-փորձարարական աննախադեպ ծրագրեր իրականացնելու հնարավորություն են ստանում: Ազատ առևտրի գոտիները կարող են խթան հանդիսանալ ոչ միայն Հայաստանի գործարարների նորարարական նախաձեռնությունների իրականացման, այլ նաև լեհ ու այլ երկրների գործարարների համար: Մենք պատրաստակամ ենք այս ուղղությամբ նույնպես քայլեր ձեռնարկել` մեր տնտեսության մեջ լեհական կապիտալի ծավալների մեծացման նպատակով: Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաև Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում` «Հյուսիս-Հարավ» մայրուղու, նոր ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում: Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են և լավ հնարավորություն են բացում լեհական ընկերությունների համար»,-ընդգծել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, համագործակցության լուրջ ներուժ կա գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, քիմիայի ոլորտներում: Նախագահը հաջողություն է մաղթել հայ և լեհ գործարարներին և հույս հայտնել, որ Լեհաստանի նախագահի հաջորդ այցելության ընթացքում Հայաստանում կլինեն լեհ ներդրողներ, կարձանագրվի ապրանաքաշրջանառության ծավալների եռակի, քառակի աճ:
ԼՀ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին շնորհակալություն է հայտնել իր այցելության ընթացքում գործարար շրջանակների հանդիպման հնարավորության համար, ընդգծելով, որ Լեհաստանում պատրաստակամությամբ և հաճույքով են հիշում հայ-լեհական հարաբերությունների դարավոր պատմությունը, ինչպես նաև հայ համայնքի ներկայությունն ու այն նպաստը, որ նրանք ունեցել են Լեհաստանի պատմության ընթացքում: «Պետք է ասեմ, որ երբ մենք Լեհաստանում մտածում ենք հայերի մասին, անպայման հիշում ենք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են արդյունավետությունը, գործարար ջիղը և աշխատասիրությունը: Եվ ես շատ կցանկանայի, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը հասներ ներկայիս հայ-լեհական քաղաքական հարաբերությունների մակարդակին:
Հայաստանի եվրոպական հավակնությունների բռնած ճանապարհին Լեհաստանի տրամադրած օժանդակությունը ձեր երկրին նաև արտահայտվում է նրանում, թե ինչպես ենք մենք համագործակցում Հայաստան-Եվրամիություն ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների շրջանակներում: Մենք վստահ ենք, որ Հայաստանը տնտեսական զարգացման լավ ուղի է բռնել, և դա ճանապարհ կհարթի եվրաինտեգրման համար: Վստահ եմ, որ Հայաստանի հետ և՛ ներկայում, և՛ ապագայում գնալով ավելի լավացող հարաբերություններ կունենանք, ավելի սերտ գործարար կապեր և ավելի ջերմ բարեկամություն: Ուստի, մենք զուգորդելու ենք մեր քաղաքական երկխոսությունը, եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին տրամադրած մեր օժանդակությունը, միաժամանակ նաև տնտեսական բնագավառում մեր կապերն ավելի ուժեղացնելու և զարգացնելու հետ:
Այսպիսով, կցանկանայի շնորհակալություն հայտնել այն համատեղ աշխատանքի և միասին անցկացրած խորհրդակցությունների համար, որ հայ և լեհ գործարար աշխարհի ներկայացուցիչներն այս երկու օրերի ընթացքում միասին կատարեցին: Վստահ եմ, որ Հայաստանի հետագա զարգացմանը զուգընթաց, գնալով ավելի մեծ հնարավորություններ կառաջանան կապիտալի ներհոսքի համար, և դա կներառի նաև լեհական կապիտալը: Ես կուզեի նաև հույս հայտնել, որ հայկական ընկերությունները գնալով կցուցակագրվեն նաև Վարշավայի ֆոնդային բորսայում, որը ֆինանսավորման շատ լավ աղբյուր է, որի կարիքն ունեն նաև հայկական ընկերությունները՝ զարգացման համար»,-ասել է Լեհաստանի նախագահը՝ գործարար կապերի զարգացման լավ նշան համարելով իր այցի ընթացքում ստորագրված համաձայնագիրը, ըստ որի մրցույթում հաղթած լեհական արժեթղթեր տպող մի ընկերություն ստացել է հայկական անձնագրերը տպելու պատվեր:
«Վստահ եմ, որ հպարտ մի երկրի՝ Հայաստանի քաղաքացիները ձեռքներին ունենալով իրենց քաղաքացիությունը փաստող անձնագիրը, նաև կիմանան, որ դրանում կա Լեհաստանի որոշակի նպաստը: Կցանկանայի վստահություն հայտնել, որ մյուս գործարարներն ականատես լինելով այս պայմանագրին և դրա հաջողությանը՝ կխրախուսվեն հետագայում Հայաստանում ներդրումներ անելու համար: Պարո՛ն նախագահ, կենսաչափական այն անձնագրերը, որ Հայաստանի քաղաքացիները կունենան, նաև Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակի գերազանց առհավատչյա կլինեն»,-ընդգծել է ԼՀ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին