Սերժ Սարգսյան. Հայաստանի և Լեհաստանի միջև այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն կարող գոհացնել
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում են ունեցել հայ և լեհ գործարարների հետ, ողջունել հայ-լեհական գործարար համաժողովի մասնակիցներին. «Նման հանդիպումների, համաժողովների կլոր սեղանների պարբերաբար կազմակերպումը լավ հնարավորություն է գործարարների համար` հաստատելու կապեր և ուրվագծելու հետագա համագործակցության ուղիները: Դրանք էապես նպաստում են առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը և տնտեսական օղակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով, վերջին 20 տարիներին հայ-լեհական տնտեսական հարաբերությունները բնականոն զարգացում են ապրել, ոլորտը կարգավորված է մի շարք երկկողմ պայմանագրերով: Բայց պետք է ընդունել, որ դեռևս շատ աշխատանք ունենք անելու` երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու, չիրացված ներուժն օգտագործելու համար:
«Այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն կարող գոհացնել. 32 մլն. դոլարը մեր հնարավորությունների համար շատ չնչին ցուցանիշ է: Կարծում եմ, որ անհրաժեշտ է երկուստեք լուրջ աշխատանք տանել, որպեսզի հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունները հասնեն քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում մեր փոխգործակցության մակարդակին: Ուրախ եմ, որ վերջին երկու տարում որոշակի դրական տեղաշարժի ենք հասել: Տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկու նիստ՝ մեկը Երևանում, մյուսը Վարշավայում, արդեն հաստատվել է Վարշավա-Երևան օդային չվերթը: Կարծում եմ, սա դրական ազդեցություն կարող է ունենալ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լեհ գործարարների համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ աշխատանքներ են իրականացվում հարկային, մաքսային ոլորտներում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, ինչն ավելի հասանելի, թափանցիկ և դյուրին կդարձնի բիզնես ընթացակարգերը և այսպիսով՝ զգալիորեն կնպաստի երկկողմ գործընկերային կապերի ակտիվացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին