Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները հրաժարական են տվել
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են երկրի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ըշըք Քոշաների հրաժարականի մասին: Վերջինիս հետ միասին հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարները: Թուրքական մամուլի բնութագրմամբ` երկրի զինված ուժերում «երկրաշարժ է տեղի ունեցել» և հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում առաջին անգամ է երկիրը նման ճգնաժամ ապրում: Բարձրաստիճան զինվորականներն իրենց այդ քայլը պատճառաբանում են իշխանությունների ու զինվորականության միջև ստեղծված ծայրաստիճան լարվածությամբ: Քոշաներն իր հրաժեշտի հաղորդագրությունում խիստ քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին` դժգոհություն հայտնելով զինվորականների ձերբակալությունների ու գեներալների որսի կապակցությամբ:
«Այս պահին անազատության մեջ են գտնվում 173 գործող, 77 պաշտոնաթող զինվորականներ` սերժանտներից մինչև գեներալներ: Այդ բանտարկությունները մեզ համար անընդունելի են: Իշխանություններին մենք բազմիցս փորձել ենք բացատրել, որ այդպես ճիշտ չէ, բայց` ապարդյուն»,- ասված է Քոշաների հաղորդագրությունում: Նա նաև մեղադրել է թուրքական մամուլին կողմնապահության և հանիրավի զրպարտության մեջ: Քոշաները դատապարտել է թուրքական լրատվամիջոցներին այն բանի համար, որ վերջիններս լրատվության օրակարգում շարունակ պահելով թուրք զինվորականների ձերբակալությունների մասին լուրերը, հանրության շրջանում տպավորություն են ստեղծել, թե Թուրքիայի զինված ուժերի համակարգը հանցագործ կառույց է:
Նշենք, որ Ըշըք Քոշաների պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր 2013 թվականին: Արդեն հայտնի է դարձել, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու է ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը: