ԱՎԾ. անցյալ հուլիսի համեմատ կաթնամթերքի շուկայում գնաճը 20.5, իսկ ձվի շուկայում 46.4 տոկոս է կազմել
Հուլիսին հունիս ամսվա նկատմամբ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 3 տոկոս գնանկում, այդ թվում պարենային ապրանքների գների նվազումը կազմել է 5.9 տոկոս, իսկ ոչ պարենային ապրանքների գները մնացել են նախորդ ամսվա համեմատ անփոփոխ: Ինչպես նաև արձանագրվել է ծառայությունների սակագների նվազում 0.2 տոկոսով:
Այս տվյալներն այսօրվա ասուլիսում հրապարակեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, առավել նկատելի գնանկում է արձանագրվել բանջարեղենի և կարտոֆիլի գծով` 34.9 տոկոս, մրգի` 23.3 տոկոս, ինչը պայմանավորված է սեզոնայնությամբ, ինչպես նաև կաթնամթերքի գծով` 1.4 տոկոս: Գ.Մարտիրոսյանը նշեց, որ վերջին մեկ ամսում գնաճ է արձանագրվել մսամթերքի շուկայում` 2.9 տոկոս, սուրճի, կակաոյի, ծխախոտի և ոգելից խմիչքների շուկայում, իսկ ահա կենդանական և բուսական յուղի գները մնացել են անփոփոխ:
«Հունվարին արձանագրված բարձր` 3.4 տոկոս գնաճից հետո գնաճ է արձանագրվել նաև փետրվար-մարտ ամիսներին, իսկ ահա ապրիլին ու վերջին երկու ամիսներին արձանագրել ենք գնանկում` հուլիսին այն կազմել է 3 տոկոս»,- ներկայացրեց ԱՎԾ-ի տվյալները պաշտոնյան:
Սակայն համեմատական առումով պատկերը բավականին մտահոգիչ է: Այդպես այս հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 6.3 տոկոս, այդ թվում պարենային ապրանքների գնաճը կազմել է 10.6 տոկոս, ոչ պարենայինը` 3.1, առավել մեծ գնաճ է արձանագրվել հացամթերքի` 16.3 և կաթնամթերքի շուկաներում` 20.5 տոկոս, սակայն առաջատարը ձվի շուկան է` 46.4 տոկոս: Նախորդ ամսվա հուլիսի համեմատ գնանկում է ապրել միայն կարտոֆիլի գինը 16.5 տոկոսով:
Գնանկումը հիմնականում պայմանավորված է միրգ-բանջարեղենի գներով, իսկ ինչ վերաբերում է տարիների դինամիկային, ապա Գ.Մարտիրոսյանը նշեց, որ 1994-2011թթ. հուլիս ամսին սպառողական շուկայում մշտապես արձանագրվել է գնանկում 0.7-5.5 տոկոս: Հիշեցնենք, որ այս տարի այդ գնանկումը կազմել է 3 տոկոս: