Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange-ի աջակցությամբ արդեն երկրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների
Orange-ի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող երեխաներն այս տարի ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ծրագրի շրջանակներում կենտրոնի 7-ից 14 տարեկան երեխաների համար կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով և հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստ:
Ամառային առողջարանային ճամբարը Orange-ի կողմից արդեն երկրորդ տարին ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է և ներառում է մի քանի նախագիծ` Երևանում` մեկ և մարզերում` յոթ վերականգնողական կենտրոնների վերազինում անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով, աուտիզմով երեխաների բուժման և վերականգնողական գործընթացում անմիջականորեն ներգրավված մասնագետների հատուկ վերապատրաստում Շվեյցարիայից հրավիրված մասնագետների կողմից, Երևանի երկու դպրոցում և երկու մանկապարտեզում, ինչպես նաև Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում աուտիզմի մասին իրազեկման դասընթացներ, կլոր սեղան-քննարկում և փորձի փոխանակում աուտիզմի վերաբերյալ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի առողջապահության, կրթության, սոց. ապահովության վարչություններից ներկայացուցիչների մասնակցությամբ, դասընթացներ աուտիզմի հայտնաբերման նոր մեթոդի ուսուցման նպատակով (CHAT) Երևան քաղաքի երկու պոլիկլինիկաներում և Արարատի մարզի առաջնային օղակի մասնագետների համար:
« Արդեն 20 տարի ի վեր իր գործունեության բոլոր երկրներում Orange-ն աուտիզմով երեխաների մասին հոգածությունը սահմանում է որպես իր մարդասիրական ծրագրերի հիմնական ուղղություններից մեկը, որոնք կյանքի է կոչում ընկերության բարեգործական ծրագրերի կամ Orange Հիմնադրամի միջոցով: Աուտիզմը այնպիսի հիվանդություն է, որն ազդում է մարդու հաղորդակցային հնարավորությունների վրա: Մեր ընկերության կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այդ է պատճառը, որ մենք մեր աջակցությունն ենք բերում այն երեխաներին, որոնք ունեն հաղորդակցային խնդիրներ: «Արաբկիր» հիմնադրամի հետ Orange-ի համագործակցությունը մեկնարկել է 2010թ.-ի սկզբին: Այսօր Orange Հիմնադրամը շարունակում է մեկ տարի առաջ սկսված գործը և ամառային ճամբարն արդեն երկրորդ անգամ Orange-ի աջակցությամբ ընդունում է աուտիզմով երեխաներին », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Աուտիզմը հազվագյուտ հիվանդություն է, որի նկատմամբ հասարակությունը հաճախ ոչ համարժեք վերաբերմունք է ցուցաբերում: Արդյունքում այս երեխաները ավելի ու ավելի են մեկուսանում, և նրանց սոցիալական ինտեգրումը կարող է ի վերջո դառնալ անհնարին: Այս ճամբարում աուտիզմով երեխաներն առողջական այլ խնդիրներ ունեցող երեխաների հետ միասին մասնակցում են խաղերին, բեմադրություններ են իրականացնում, իսկ վերջին օրը երեկոյան հավաքվում են խարույկի շուրջ: Սա նրանց համար անմոռանալի ժամանակ է, որը հաճախ կարող է խթան հանդիսանալ, որպեսզի շփվեն մյուս երեխաների հետ և հետաքրքրվեն շրջապատով», ասաց «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյանը:
2011թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է ընդհանուր առմամբ 24.4 միլիոն դրամ, որն ուղղվել է ինչպես դասընթացների և գույքի, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, Երևանում ու մարզերում աուտիզմով երեխաների զարգացման և առողջության վերականգնման կենտրոններն անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով համալրելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում