Արտասահմանում փախստականի կարգավիճակ ստանալու համար ադրբեջանցիները ներկայանում են որպես հայեր
Ադրբեջանի Շաքի քաղաքի բնակչուհի Հադիյա Բահադըր գըզըն իր հայրենակիցների համար հայի անվամբ կեղծ ծննդականներ է պատրաստել` արտասահմանում նրանց փախստականի կարգավիճակ ապահովելու համար: Ֆրանսիայում իրեն Զինա Թումանյան ներկայացրած այդ կինն ադրբեջանցի 4 ընտանիքների` խառնամուսնության անվան տակ տեղափոխել է Թուլուզ եւ հանձնել միգրացիոն ծառայություններին: Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին պատմել է Ադրբեջանում տարբեր ատյանների կողմից բռնությունների ենթարկված ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Ռահիմ Նամազովը, ով նույնպես Թուլուզում սպասում է փախստականի իր կարգավիճակին:
Նրա խոսքով` Հ. Բահադըր գըզըն` Զինա Թումանյանը, Բաքվում ամուսնացած, ծնունդով Շաքիից Նիգար Սադրադդինովայի համար Նելլի Բաբայանի անունով ծննդյան վկայական է պատրաստել, որի դիմաց 12 հազար եվրո է պահանջել: Նա իր ադրբեջանցի ամուսնու` Իսմայիլ Մահմուդզադեի, աղջկա` Լեյլայի եւ որդու` Սամեդի հետ Հ.Բահադըր գըզըի մարդկանց միջոցով նախ մեկնել են Ավստրիա, հետո` Գերմանիա: Այդտեղից Հադիյայի եղբայրը` Սաբիրն իր ավտոմեքենայով տարել է Թուլուզ, որտեղ նա ապրում է:
Նման սցենարով Հադիյա-Զինան ծննդյան վկայական է պատրաստել նաեւ Քըֆայաթ Մուստաֆազադեի համար` դարձնելով նրան Ասյա Սարկիսյան եւ էլի երկու կանանց համար, որոնց ընտանիքներով նույն երթուղով մինչեւ 15 հազար եվրո գումարով նույնպես տեղափոխել են Թուլուզ: Ֆրանսիայի «Ofpr» դատարանը մերժել է փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին վերջիններիս դիմումները: Նույնպիսի պատասխան է տվել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սակայն այդ ընտանիքները դեռ շարունակում են պայքարել Ֆրանսիայում ապաստան ստանալու համար, գրում է «Ենի Մուսավաթը»:
Նշենք, որ Շաքիի նախկին բնակչի կարծիքով` ամենայն հավանականությամբ, Հադիյա-Զինան այդ կանանց տվել է Շաքիի` 1968-1988 թթ. ազգությամբ հայ բնակիչների ծննդյան վկայականները, որոնց անձնագիր ստանալու ժամանակ տեղի անձնագրային սեղանը այն չէր վերադարձնում` պատճառաբանելով դա ինչ-որ անհայտ օրենքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում