Դիմադրություն Փափազյան փողոցում. Կրպակներ են ապամոնտաժվում
Այս պահին Արաբկիր համայնքի Փափազյան փողոցում ոստիկանների հսկողությամբ Արաբկիրի վարչական շրջանի աշխատակիցները ապամոնտաժում են կրպակները: «Ժառանգություն» կուսակցությունից հայտնում են, որ այնտեղ են նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ այս օրերին մայրաքաղաքում ապօրինի կրպակների ապամոնտաժման բուռն գործընթաց է սկսվել: Ինչպես քաղաքապետարանն էր բացատրել այդ կրպակների ապամոնտաժման նպատակը «մայրաքաղաքը տարերայնորեն տեղադրված, ճարտարապետական տեսքն աղավաղող ժամանակավոր շինություններից ազատելն է»:
Նախօրեին քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ մայրաքաղաքում շարունակվելու է անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած այն կրպակների և տաղավարների ապամոնտաժումը, որոնք տեղկայված են Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցներում և Կենտրոն մտնող այլ կենտրոնական փողոցներում: Ըստ աղբյուրի, վարձակալության ժամկետները չլրացած, վարձակալության պայմանագրերի առկայության դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ: Գործող պայմանագրերի ժամկետները չեն երկարձգվելու: Երևան քաղաքում նոր կրպակների կամ տաղավարների համար հողատարածքներ չեն տրամադրվելու, բացառությամբ մամուլի կրպակների:
Ապամոնտաժման սպառնալիքի տակ է հայտնվել շուրջ 3000 կրապակատեր, որոնք բողոքում են քաղաքային իշխանությունների վարած քաղաքականությունից և անգամ քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաներ կազմակերպում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը դեռևս օգոստոսի 2-ին Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնապես դիմել էր Երեւանի քաղաքապետին` առաջարկելով առժամանակ ձեռնպահ մնալ կրպակների հարկադիր ապամոնտաժման աշխատանքներից ու քաղաքապետարանում շահագրգիռ անձանց ու կրպակատերերերի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել խնդրի քննարկում: