Փափազյան փողոցում կրպակների ապամոնտաժումն ուղեկցվել է ծեծկռտուքով. Խառնվել են «կարմիրբերետավորները»
Այսօր Արաբկիր վարչական շրջանում կրպակների ապամոնտաժման ժամանակ ընդհարում է տեղի ունեցել կրպակատերերի, նրանց աջակցող «Ժառանգություն» կուսակցության անդամների ու դեպքի վայր ժամանած «կարմիրբերետավորների» միջև:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը Panorama.am-ին պատմեց, որ առավոտյան բնակիչները պատ են կազմել և փակել են երթևեկությունը: «Կոնկրետ ինձ ոստիկանության ծառայողները մի քանի անգամ հարվածել են, տեսագրությունը կա, հարվածել են նաև բնակիչներից մի քանիսին: Ինձ ոստիկաններն այնուհետև փորձում էին մտցնել ոստիկանական մեքենա և ես պառկեցի գետնին, և որոշ ժամանակ հենց այդ պատճառով է փակվել փողոցը», -փոխանցեց կուսակցության անդամը:
Սանասարյանի խոսքով, բնակիչներից մեկը համաձայնել է, որ իր կրպակն ապամոնտաժեն, իսկ մյուսներն էլ` շուրջ 25 մարդ Փափազյան փողոցում բողոքի է դուրս եկել քաղաքային իշխանությունների այդ գործողությունների դեմ և ամեն գնով փորձում է խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներին:
«Հիմա ապամոնտաժողները ծառերի ճյուղեր են կտրատում, որ կարողանան իրենց գործը շարունակեն», -ներկայացրեց «Ժառանգության» վարչության անդամը:
Panorama.am-ը այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ կրպակների ապամոնտաժման ժամանակ դիմադրություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում են եղել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը: