Գվատեմալայում 2 հայ մարզիչ է սպանվել
Գվատեմալայում աշխատող թեթև ատլետիկայի երկու հայաստանցի մարզիչների նկատմամբ օգոստոսի 8-ին զինված հարձակում է տեղի ունեցել. ավազակների հարձակման զոհ են դարձել Դավիթ Մանոյանը և նրա հայրը` Մանվել Մանոյանը: Այդ մասին տեղեկացրել է գվատեմալական ոստիկանությունը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ըստ աղբյուրի, երկու մարզիչներն էլ ավազակների թիրախում են հայտնվել, երբ Գվատեմալայի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի շենքից դուրս գալուց են եղել: Կրակոցների հետևանքով 30-ամյա Դավիթ Մանոյանը հենց նույն օրը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա հայրը` 60-ամյա Մանվել Մանոյանը, «euronews»-ի փոխանցմամբ, ստացած ծանր վերքերի հետևանքով մահացել է դեպքի հաջորդ օրը` օգոստոսի 9-ին:
Տեղի ոստիկանությունը մարզիչների վրա կատարված հարձակման մոտիվները պարզելու համար դեռևս որևէ վարկած առաջ չի քաշել: Հայաստանցի Մանոյանները Գվատեմալայում, որպես թեթև ատլետիկայի մարզիչներ, աշխատել են երկար տարիներ:
Գվատեմալայի թեթև ատլետիկայի ֆեդերացիան դատապարտել է հայ մարզիչների սպանությունը և կոչ արել իշխանություններին կարճ ժամկետներում գտնել մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել: