Վիկ Դարչինյանը հաղթանակը կնվիրի ԼՂՀ անկախության 20-ամյակին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանեց վերջիններիս հետաքրքրող հարցերին` սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ մենամարտի և հարակից մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Վիկ Դարչինյանը հավատարիմ է ազգային արժեքներին և ցանկանում է այդ մարտում հաղթանակը նվիրել ԼՂՀ անկախության 20-ամյակին:
Չնայած Մբամբայի ներկայացուցիչները գրեթե ամեն օր զանգահարում են Վիկ Դարչինյանին կամ նրա թիմի անդամներին ու անընդհատ նոր պահանջներ ներկայացնում, մարտին նախապատրաստությունն ընթանում է առանց խոչընդոտների: Իսկ Մբամբայի պահանջները հիմնականում վերաբերում են անվտանգության ապահովմանն ու մարտի ժամանակ բժիշկների առկայությանը: Ինչպես երևում է, Մբամբան գրեթե համոզված է, որ պարտվելու է, ուստի ի սկզբանե փորձում է իրեն ձերբազատել հնարավոր ծանր հետևանքներից:
«Ամեն ինչ հիանալի է, մենք պատրաստ ենք հյուրընկալել հյուրերին, որոնց թիվը շատ մեծ կլինի: Եվ դա բնական է, քանզի շատերն են ուզում տեսնել, թե ինչպես է կազմակերպվում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտը Հայաստանում: Մեր երկրի համար սա գերազանց սկիզբ է և շատ բանով կարող է նպաստել մարզաձևի զարգացմանը»,- հայտարարեց Վիկ Դարչինյանը:
Հայ մարզիկն ընդգծեց, որ մենամարտի կազմակերպման համար ծախսվել է մոտ 1 մլն դոլար: Շնորհակալություն հայտնելով մրցաշարի հովանավորներին` Վիկ Դարչինյանը շատ բարձր գնահատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը` հայտարարելով, որ թույլատրելով մարտի կազմակերպումը` հանրապետության ղեկավարն այդ կերպ պարզապես օրհնել է իրեն:
Ավելացնենք, որ մարտին ներկա են լինելու նաև Կոստյա Ցզյուն, Նիկոլայ Վալուևը, հայ բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանն ու Կարո Մուրադը:
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին տեղի ունենալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ մարզասերներն ականատես են լինելու մի շարք մենամարտերի` հայ մարզիկների մասնակցությամբ: 53 քաշային կարգում ասպարեզ դուրս կգա Ագնեսա Բոժան` Լիտվայից, 56 քաշային կարգում` Ազատ Հովհաննիսյանը, 59 կգ քաշային կարգում` բելգիացի Հովհաննես Ժամկոչյանը, 60 կգ քաշային կարգում` Գաբրիել Տոլմաջյանը: Նրանց մրցակիցների անուններն այս պահի դրությամբ դեռ հայտնի չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ բռնցքամարտիկները կներկայացնեն Վրաստանը, ԱՄՆ-ն և Մեքսիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում