ՓՊ-ն դատապարտում է ոստիկանությունում 2 փաստաբանների նկատմամբ իրականացված գործողությունները և դիմում Գլխավոր դատախազին
Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը օգոստոսի 12-ին նիստ է գումարել, որի ընթացքում քննարկել է օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքում փաստաբաններ Վահե Հովսեփյանի և Ստեփան Ոսկանյանի հետ տեղի ունեցած միջադեպը: «Քննության առնելով փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և նրանց նկատմամբ ապօրինի գործողությունների փաստի կապակցությամբ Պալատի գործողության մասին հարցը, խորհուրդը որոշել է.
1. Դատապարտել ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի աշխատակիցների կողմից փաստաբաններ Վահե Հովսեփյանի և Ստեփան Ոսկանյանի նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունները, կապված փաստաբանների լիազորությունները խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու և ազատությունից զրկելու գործողությունների հետ:
2. Իրավապահ մարմինների կողմից փաստաբանների լիազորությունները խոչընդոտող գործողություններն արձանագրելու և փաստաբանների իրավունքները պաշտպանելու նպատակով կազմավորել արագ արձագանքման խումբ:
3. Առաջարկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին` սահմանել արագ արձագանքման խմբի գործողության կարգը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում խումբը համալրել հասարակական կազմակերպության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներով (նրանց համաձայնությամբ):
4. Դիմել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարին` փաստաբաններ Վահե Հովսեփյանի և Ստեփան Ոսկանյանի լիազորությունները խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու և ազատությունից զրկելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու և մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ»:
Փաստաբանների պալատից տեղեկացնում են, որ նիստինի մասնակցել են Պալատի խորհրդի նախագահի պաշտոնակատար Արա Զոհրաբյանը, անդամներ` Մելանյա Առուստամյանը, Կարինե Խաչատրյանը, Լուսինե Սահակյանը, Կարեն Մեժլումյանը, Հայաստան Ստեփանյանը և Գևորգ Գյոզալյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ծառայություն իրականացնող ոստիկանների ու ՀԱԿ 7 ակտիվիստների միջև, որի հետևանքով երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանություն, այնուհետև` ձերբակալվել: Փաստաբաններ Վահե Հովսեփյանը և Ստեփան Ոսկանյանը պնդել են, որ Կենտրոնի ոստիկանությունում ոստիկանները խոչընդոտել են իրենց մասնագիտական գործողություններ իրականացնել: