ԱՌԱՎՈՏ. Միջադեպի համար անմիջական պատասխանատվություն են կրում Կոնգրեսի առաջնորդները
«Առավոտը» խմբագրականում անդրադարձել է ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպին և նշել. «Երբ ասում են, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ, դա միանգամայն ճիշտ է։ Բայց մեր համաքաղաքացիները վախենում են ոչ միայն կոռումպացված, բյուրոկրատացած պետական մարմիններից և նրանց «հաբրգած» չինովնիկներից, այլև... ընդդիմությունից։
Փորձեք, օրինակ, մի փոքր կասկած հայտնել, որ օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպում իրենց մեղքն ունեն նաև ընդդիմադիր երիտասարդները, ձեզ նույն րոպեին կներկայացնեն որպես ավազակապետության սպասարկու։ Այդ շանտաժից վախենալով` մարդիկ բերանները ջուր են առել կամ, որն ավելի վատ է՝ կեղծավորություն ցուցաբերելով, մեղքը ամբողջությամբ դնում են ոստիկանների վրա։ …Եվ ընդհանրապես, եթե ոստիկանները, ենթադրենք, որևէ մեկին խուզարկում են, արդյոք ես՝ պատահական անցորդս, իրավունք ունե՞մ խուզարկման պահին նրանցից հաշվետվություն պահանջելու՝ այդ գործողությունների օրինականության վերաբերյալ և տեղում որոշելու՝ դրանք օրինական են, թե ոչ։ Թե՞ այդ իրավասություններն ունի միայն Կոնգրեսի երիտասարդական թևը։ Ամենևին հակված չեմ արդարացնելու ոստիկանության գործողությունները կամ հալած յուղի տեղ դնելու ոստիկանապետի բացատրությունները։ Մենք ունենք հայ երիտասարդների երկու խումբ` մեկը համազգեստով, մյուսը՝ առանց, և երկուսի գործողությունները, իմ տեսանկյունից, դատապարտելի են։ Իսկ դրա մեղավորը մենք ենք` նրանց ծնողները»:
…Միջադեպի համար անմիջական պատասխանատվություն է կրում երիտասարդական խմբի ղեկավարությունը` Կոնգրեսի առաջնորդները, որոնք գտնում են, որ ամեն քայլափոխի ոստիկանների հետ կռիվներ սարքելը` հանուն ժողովրդավարության և «իրավակարգության» պայքարի բարձրագույն դրսևորում է, և ոստիկանության ղեկավարությունը, որն իր ստորադասներին չի բացատրում, թե ինչպես է պետք վարվել նման դեպքերում: Սակայն ոստիկանության ղեկավարների` որպես պետության ներկայացուցիչների, մեղքն, ի վերջո, ավելի մեծ է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում