Ուշիում պաստերելյոզի նոր դեպքեր չկան. ԳՆ
Արագածոտնի մարզի Ուշի գյուղի անասունների շրջանում խսիտ վերահսկողություն է իրականացվում, օգոստոսի 4-ից հետո պաստերելյոզի նոր դեպքեր չեն գրանցվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկարեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին գյուղատնտեսության նախարարությունը Ուշիում անասունների շրջանում պաստերելյոզ հիվանդության առկայության մասին ահազանգ էր ստացել: «Մեր տեսուչները գնացել են, նմուշ են բերել և լաբորատորիայում այդ հիվանդությունը հաստատվել է», -ասաց Պիպոյանը և տեղեկացրեց, որ համապատասխան շիճուկ է ներարկվել հիվանդ անասուններին ու մինչև հիմա նոր դեպքեր չեն գրանցվել:
Տարբեր լրատվամիջոցներում ներկայացվող թվերը, թե պաստերելյոզից Ուշիում սատկել է 26-28 անասուն, ԳՆ պաշտոնյան ճշգրիտ չհամարեց: «Այդքան անասուն միանշանակ չի սատկել պաստերելյոզից: Մեզ ասացին, որ այդ կենդանիների մոտ պաստերելյոզ չի եղել, այլ լրիվ ուրիշ հիվանդություն է եղել, թուլություն է եղել կենդանու մոտ, մորթել են», -նշեց Պիպոյանը: Նշենք, որ թուլությունը նույնպես պաստերելյոզով վարակված կենդանու ախտանշաններից է:
Ընդհանուր առմամբ, թե որքան անասուն է սատկել մինչև ահազանգ ստանալը, այսինքն մինչև օգոստոսի 2-ը, Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում չեն տիրապետում:
Երեք տարի է, ինչ Ուշիում պաստերելյոզ հիվանդություն չի գրանցվել , այդ իսկ պատճառով էլ, Պիպոյանի խոսքով, այս տարածքի անասունների շրջանում այդ հիվանդության դեմ պատվաստում չի իրականացվել:
Պաստերելյոզը գյուղատնտեսական, վայրի կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդություն է: Վարակը կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, համատեղ պահվածքի դեպքում կերի և ջրի միջոցով, վնասված մաշկի միջոցով:
Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ այն ընթանում է հիմնականում սուր, հազվադեպ ենթասուր ձևերով: Այս հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում են թոքերը: Գաղտնի շրջանը տևում է 6-48 ժամ: Հիվանդության առաջին ախտանշաններն են` մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մինչև 40 աստիճան և ավելի, ընդհանուր թուլություն, ծանր շնչառություն, հաճախակիացած զարկերակ, մկանային դող, ախորժակի լիառժեք բացակայություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան