Համակարգչային դասարան` Ախալքալաքում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Աբուլ» հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում իրականացնում են «Համակարգչային դասարան» ծրագիրը։ Հիմնադրամի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Ախալքալաքի տարածաշրջանում բնակչության մի լայն զանգված հնարավորություն չունի իր երեխաների համար ձեռք բերել համակարգիչ։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իրականացվում է «Համակարգչային դասարան» ծրագիրը, որն օգնում է շատերին լուծելու այս խնդիրը: Ծրագրի նպատակն է Ախալքալաքի և հարակից գյուղերի դպրոցականներին և երիտասարդներին տալ համակարգչային գիտելիքներ, օգնել նրանց ինտեգրվել զարգացման գործընթացներին:
Համակարգչային դասարանում ընդգրկվում են Ախալքալաքի և հարակից գյուղերի անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներն ու այն երիտասարդները, որոնք, ավարտելով դպրոցը, ինչ-ինչ պատճառներով չեն շարունակել ուսումը: Բացի այդ, դասընթացներ են կազմակերպվում նաև դպրոցների, մանկապարտեզների մանկավարժների համար, որոնք գիտակցում են համակարգչային գիտելիքների կարևորությունն ու անհրաժեշտությունը: