Գ.Մինասյան. Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմական գործողությունները, աշխարհը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը
«ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացը հիմնված է երեք սկզբունքների վրա` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում: Առաջին երկուսի առումով, կարծես, այս փուլում ռեալ առաջընթաց ակնկալելն իրատեսական չէ: Սակայն երրորդ բաղադրիչն իր հնարավորությունները դեռ ամբողջությամբ չի ներդրել կոնֆլիկտի կարգավորման համար»,- անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը:
«Վերջերս ՌԴ նախագահ Մեդվեդևը պարբերականներից մեկին տված հարցազրույցում նշեց, որ դեռ երեք տարի առաջ, հարավօսական հակամարտության բռնկման առիթով նա երկու նախագահներին հայտնել էր իր տեսակետն առ այն, որ ավելի լավ է անվերջ բանակցել, քան հինգ օր պատերազմել: Երբ այս փաստը, հարցազրույցից երեք տարի հետո, դարձավ ադրբեջանական հանրության սեփականությունը, Բաքվի տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ հիստերիկ արձագանքով անդրադարձան դրան՝ նշելով, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով դա իրենց հնարավորությունների սահմանափակում է նշանակում: Հատկանշական է, որ հրապարակումներից մեկում հեղինակը մտավախություն էր հայտնել, որ եթե այսպես շարունակվի, ապա Ռուսաստանը կասի, որ Ադրբեջանի` ռազմական գործողություններ սկսելու դեպքում ինքը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - նշեց ԱԺ պատգամավորը:
«Կարևորն այն է, որ փաստորեն երկու նախագահներն էլ դեռ երեք տարի առաջ ընդունել էին պատերազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության վերաբերյալ Մեդվեդևի տեսակետը, որն ուղղակիորեն բխում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման սկզբունքից: Հակառակ պարագայում՝ այդ վայնասունը դեռ երեք տարի առաջ պետք է բարձրանար: Հետևաբար՝ այդ ծայրահեղ դրսևորման բուն պատճառը ոչ թե պաշտոնական Բաքվի համար Մեդվեդևի տեսակետի անընդունելիությունն է, այլ այդ տեսակետի՝ ադրբեջանական հանրության սեփականություն դառնալու հանգամանքը», - շարունակելով թեման՝ ասաց նա:
Պատգամավորի ընդգծմամբ՝ ըստ էության, Ալիևների դինաստիայի կողմից տարիների ընթացքում ադրբեջանական հանրության մեջ հետևողականորեն սերմանվել են խեղված պատկերացումներ բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչը ադրբեջանական հանրության մոտ առաջացրել է Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ լուծման հնարավորության վերաբերյալ է սին համոզմունք:
«Սկսած երկրի առաջին դեմքից՝ ադրբեջանական հանրությանն անընդհատ ներարկվում է այն տեսակետը, որ բանակցային գործընթացի՝ իրենց համար անհաջող ավարտի դեպքում Ադրբեջանն իրավասու և ի զորու է խնդիրը «լուծել» ռազմական ագրեսիայի միջոցով: Այս իրավիճակն էապես բարդացնում է բանակցային գործընթացում ռեալ առաջընթացի հնարավորությունը»,- ասաց Գ. Մինասյանը:
Ըստ բանախոսի՝ հրամայական է դառնում խնդիրը պատերազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական նկրտումներն անհնարին դարձնելը, ինչն ուղղակիորեն բխում է կարգավորման նշված սկզբունքից, ինչպես նաև՝ դրա մասին ադրբեջանական հանրությանն իրազեկելը:
«Այս առումով արդեն որոշակի ձեռքբերումներ առկա են: Դրանց մասին են վկայում թե՛ Մեդվեդևի արդեն նշված հարցազրույցը, թե՛ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից ընդունված Դովիլյան հռչակագիրը, որում մասնավորապես նշվում է, որ հակամարտող կողմերի իշխանությունները պետք է իրենց հանրություններին պատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, և որ ռազմական ագրեսիա սանձազերծող կողմը անվերապահորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից»,- հավելեց խորհրդարանականը:
Նրա պնդմամբ՝ այս տրամաբանության զարգացման հաջորդ հանգրվանը պետք է դառնա այն, որ եռանախագահող երկրների ղեկավարները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց հաջորդ հռչակագրում ամրագրեն, որ եթե Ադրբեջանը կոպտորեն խախտի կարգավորման երեք սկզբունքներից մեկը և դիմի ռազմական ագրեսիայի, ապա միջազգային հանրութունը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
«Ըստ էության, պատերազմական ճանապարհով ԼՂ հակամարտության լուծման ադրբեջանական գաղափարի իրականացմանը խոչընդոտող ավելի գործուն մեխամիզմ, որը կարող է առաջարկել միջազգային հանրությունը, դժվար է գտնել:
Եռանախագահող երկրների ղեկավարների կողմից նման դիրքորոշման որդեգրումը կլինի խիստ տրամաբանական, կառուցողական և մարդասիրական քայլ, քանի որ
• գործնականում կապահովվի կարգավորման երեք սկզբունքներից մեկի իրականացումը՝ զերծ պահելով երկու ժողովուրդներին պատերազմի մղձավանջից,
• ադրբեջանական հանրությունը և իշխանությունը հակամարտության կարգավորման խնդրում կվերադառնան կառուցողական դաշտ, ինչը չափազանց կարևոր է հակամարտության արդարացի ու տևական լուծման համար»:
Ի դեպ, Հայաստանն արդեն այս ուղղությամբ իր քայլն արել է, իր Նախագահի շուրթերով հայտարարելով, որ ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում Հայաստանն անմիջապես կճանաչի ԼՂՀ անկախությունը»,- ընդգծեց Գ. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները