Հայաստանում Dasaran.am ծրագրի մեկնարկը տրվել է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում, այսուհետ Dasaran.am ծրագիրն անվճար հիմունքներով հասանելի կդառնա Հայաստանի բոլոր դպրոցներին: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ծրագրի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
Նախնական փուլում` Երևանի, ապա նաև ողջ Հանրապետության մասշտաբով բոլոր դպրոցները կներգրավվեն Dasaran.am ծրագրում` ստեղծելով միասնական կրթական էլեկտրոնային մեկ համակարգ ու «աշակերտ-ծնող-ուսուցիչ» կապն ապահովող համապարփակ միջավայր:
«Որակյալ կրթությունը երկրի առաջընթացի ամենակարևոր գրավականներից մեկն է: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում կրթական ոլորտում: Երեխայի համար որակյալ կրթություն և դաստիարակություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ամրացնել ընտանիք-դպրոց կապը: Ողջունելի է, որ կրթական գործընթացում այժմ արդեն ներգրավվում են նորարարական մոտեցումներ և տեխնոլոգիական միջոցներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծնողները, աշակերտները և դպրոցի անձնակազմը կարող են անվճար հիմունքներով օգտվել ծրագրից, ինչը ծնողներին հնարավորություն կտա ցանկացած պահի տեղեկանալ երեխայի ուսման առաջընթացի, միջին գնահատականների մասին, հետևել տնային առաջադրանքներին ու վարքագծին, իսկ աշակերտներին` ստեղծել հասակակակիցների ու ընկերների լայն ցանց, խորացնել գիտելիքները զանազան ինտելեկտուալ խաղերի միջոցով, զարգացնել տարբեր կարողություններ ու հմտություններ` մասնակցելով հատուկ մշակված մրցույթների:
Դպրոցների անձնակազմի և ուսուցիչների համար Dasaran.am ծրագրի կողմից անվճար հիմունքով կիրականցվեն հատուկ ծրագրավորված դասընթացներ, որոնք ուղղված կլինեն ինչպես համակարգչային գիտելիքների ու փորձառության ձևավորմանը, այնպես էլ հետագայում` հատուկ հմտությունների զարգացմանը: