Աշոտյանը դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ ժողով կանի
Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակացությունների ժամանակացույցը, տեղեկացնում են ԿԳ լրատվական ծառայությունից:
Հրամանի համաձայն՝ օգոստոսի 24-29-ը հանրապետության մարզերում և Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:Մեկնարկը կտրվի Լոռու մարզից: Օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Վանաձորում կհանդիպի մարզի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ: Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 29-ին կմասնակցի նաև մայրաքաղաքի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների խորհրդակցությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ: