Մի քանի տարուց մահերի դեպքերը կավելանան, ծնունդների թիվը կնվազի. Ժողովրդագիրը ահազանգում է
Ներկայումս Հայաստանում ծնելիության գործակիցը 1.7 է, մինչդեռ, ինչպես այսօրվա ասուլիսում հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, այն պետք է լիներ առնվազն 2.1, որպեսզի սերունդը կարողանա պարզ չափերով վերարտադրվել:
«Առայժմ մեր մոտ կա բնական հավելաճ, բայց դա ժամանակավոր երևույթ է: Մի քանի տարուց իրավիճակը կփոխվի, որովհետև մահերի դեպքերը ավելանում են, իսկ ծնունդներն էլ նվազում են: Մի պահ այդ երկու վեկտորները կհավասարվեն, որից հետո մահերը կգերակշռեն ծնունդներին», - ներկայացրեց Ռուբեն Եգանյանը:
Վկայակոչելով վիճակագրական տվայլները, ժողովրդագիրն ասաց, որ վերջին տարում ծնվածների թիվը պակաս է նախորդ տարվա ծնվածների թվից ու բացատրեց. վերարտադրողական տարիք են մտնում արդեն 90-ական թթ.-ին ծնված փոքրաթիվ սերունդները, որոնք քանակով ավելի պակաս են, քան 80-ականների ծնվածները, «Բնականաբար նրանք կունենան ավելի փոքր թվով երեխաներ և հեռու չէ այն պահը, երբ մենք ավելի շատ մահ կունենանք, քան ծնունդ», նկատեց նա:
«Համաշխարհային մակարդակով նույնպես նկատվում է ծնելիության նվազում, որը կապված է կենսամակարդակի բարձրացման և կրթամակարդակի ավելացմամբ, և դա կոչվում է ժողովրդագրական անցում, երբ մարդկությունը բարձր ծնելիությունից անցում է կատարում դեպի ցածր ծնելիություն», -հավելեց Եգանյանը:
Հայաստանում, սակայն, ժողովրդագրի ներկայացմամբ, ծնելիության նվազման հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, իսկ 25-30 տոկոս դեպքերում՝ արտագաղթը: Այս պարագայում, ըստ Եգանյանի, պետական միջամտությունը անհրաժեշտ է: Ժողովրդագիրը ելքը տեսնում է ընտանիքներին օգնելու և երկրորդ երեխայի ծնունդը խրախուսելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին