Դոմինիկ Ստրոս Կանի գործը կփակվի
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի գործն այսօր կկարճվի: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այսօր նախատեսված դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը:
Ավելի վաղ, Նյու-Յորքի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որ դադարեցնում է Ստրոս Կանի նկատմամբ քրեական հետապնդումը` հանելով Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները:
Դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, թե հայցվորը կեղծ վկայություններ է տվել` մոլորեցնելով հետաքննությանը իր անցյալի հարցում:
Սպասուհու փաստաբաններն արդեն հայտարարել են, թե բողոքարկելու են դատախազության որոշումը:
Հիշեցնենք, ԱՄՀ ղեկավարի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանք էր ներկայացվել Նյու-Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու հայտարարության հիման վրա:
ԱՄՀ նախկին առաջնորդի նկատմամբ մեղադրանքները հանելու տեղեկությունները սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ հետաքննությունը բացահայտեց մեղադրող կողմի, այն է նյու-յորքյան հյուրանոցի սպասուհու սուտ ու իրարամերժ ցուցումները: