Հայ թավջութակահարին վիրավորած Գորենշտեյնի կարիերան մազից է կախված
Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի անդամները ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևին խնդրել են հեռացնել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնին: Երաժիշտները նախարարին բաց նամակ են հղել, որը հրապարակվել է «Classical Music news» կայքէջում:
Նամակում երաժիշտները հայտարարել են, որ այլևս չեն ցանկանում աշխատել Գորենշտեյնի հետ, քանի որ նվագախմբում ծանր իրավիճակ է ստեղծվել: Նվագախմբի երաժիշտների` դիրիժորի հետ չաշխատելու պատճառներից մեկն այն է, որ բազմաթիվ կրճատումներ են տեղի ունեցել: Վերջին մի քանի տարում, ըստ նամակագիրների, նվագախմբից կրճատվել է 280 մարդ, ընդ որում 2010-2011 թվականների ընթացքում խումբը լքել է 60 երաժիշտ:
Երաժիշտների խոսքով, շատերը հեռացվել են նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գորենշտեյնի «անհարգալից վերաբերմունքի» պատճառով: «Մշտապես դրամական տույժեր, հեռացնելու սպառնալիքներ ու ոչ կոռեկտ վերաբերմունք էր դրսևորում գեղարվեստական ղեկավարը երաժիշտների նկատմամբ և ահա միակ ելքը նվագախումբը լքել-հեռանալն էր», -նշել են նամակում:
Նամակի հեղինակները հիշատակում են վերջերս Չայկովսկու անվան մրցույթից առաջ հայազգի երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ կատարված սկանդալը, որին խառն էր հենց Գորենշտեյնը: Հիշեցնենք` փորձի ժամանակ, երբ մրցույթի եզրափակիչ փուլ անցած` Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը արդեն հեռացած է եղել, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը հեգնական ու վիրավորական արտահայտություններ է արել Հայաստանի ներկայացուցչի հասցեին ու նվագախմբին հորդորել ուշադրություն չդարձնել, թե ինչպես է նվագում այդ տղան, այլ նվագել այնպես, ինչպես ինքը` Գորենշտեյնն է ուզում: Մրցույթի կազմկոմիտեն, ինչպես նաև դրա նախագահ Վալերի Գերգիևը պաշտոնապես քննադատել են դիրիժորի այդ քայլը, ինչից հետո Գորենշտեյնը ստիպված է եղել բժշկի տեղեկանք է ներկայացրել ու չի մասնակցել մրցույթի վերջին եզրափակիչ փուլում:
Սիմֆոնիկի երաժիշտների նամակում հաղորդվում է նաև, որ այդ միջադեպից հետո դիրիժորը պատրաստվել է կոլեկտիվի անունից նամակ գրել իր օգտին այն մասին, թե նրանք իբր ցանկանում են աշխատել միայն իր հետ, սակայն գեղարվեստական խորհուրդը հրաժարվել է ստորագրել:
ՌԴ մշակույթի նախարար Ավդեևին ուղղված նամակը ստորագրել է 60 երաժիշտ:
Հիշեցնենք, որ նույն Նարեկ Հախնազարյանը հաղթել էր Չայկովսկու անվան մրցույթում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են