Նոր մանրամասներ Դինքի սպանությունից
Ermenihaber.am (Էրմենիհաբեր) լրատվական կայքի տեղեկացմամբ` Ստամբուլի «Ագօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առնչությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորպես, Սամսունի նահանգային ժանդարմերիայի բարձրաստիճան մի զինվորական պատմել է, որ սպանությունից հետո Օգյուն Սամասթը ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ է հասել Տրապիզոն:
«Ավտոբուսում, որը գնում էր Տրապիզոնի ուղղությամբ, նրա նստատեղի դիմաց, կողքին և հետևում Ստամբուլի անվտանգություն աշխատակիցներն են նստած եղել: Եվ Ստամբուլից սկսած նրանք քայլ առ քայլ հսկել են Սամասթին: Իսկ հենց ավտոբուսը կանգնել է և դռները բացվել են, Ստամբուլի անվտանգության աշխատակիցները միանգամից ներխուժել ու ձերբակալել են Սամասթին: Նրանք նույնիսկ գիտեին, թե ավտոբուսի մեջ կոնկրետ որտեղ է նստած Սամասթը»,- պատմում է զինվորականը և վկայում, որ ավտոբուսում Սամասթին ուղեկցող ոստիկաններին նա անձամբ է տեսել:
Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, նշելով, որ բոլոր կասկածներն տանում են դեպի Ստամբուլի անվտանգության ծառայություն, ասել է,- «Մենք կդիմենք դատախազություն: Ժանդարմերիայի աշխատակիցը դատախազությունում անպայման պետք է վկայություն տա»:
«Ինչու՞ Ստամբուլում չձերբակալեցին մարդասպանին: Պատասխանը հստակ է. որովհետև Ստամբուլի անվտանգության ծառայությունը ցանկացավ իր վրայից հանել այդ պատասխանատվությունը»,- ասում է Չեթինը: