Ստրոս Կանը կվերադառնա բնականոն կյանք. գործը փակված է
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանի նկատմամբ հարուցված քրեական գործը փակվել է: Երեկ Նյու Յորքի Մանհեթենի դատարանը համապաստախան որոշում է կայացրել` հիմնվելով մեկ օր առաջ դատախազության ներկայացրած միջնորդությանը: Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը:
Նշենք, Նյու Յորքի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որ դադարեցնում է Ստրոս Կանի նկատմամբ քրեական հետապնդումը` հանելով Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները:
Դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում էր, թե հայցվորը կեղծ վկայություններ է տվել` մոլորեցնելով հետաքննությանն իր անցյալի հարցում:
Դատարանի վճռի հրապարակումից հետո, Ստրոս Կանն ասել է. «Այս վերջին երկուս ու կես ամիսները մղձավանջ էին ինձ և ընտանիքիս համար: Ցանկանում եմ երախտիքի խոսքեր հայտնել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում իմ բոլոր բարեկամներին, ովքեր հավատացել են իմ անմեղությանը, ինչպես նաև հազարավոր մարդկանց, ովքեր աջակցության նամակներ էին ուղարկում: Ամենից շատ շնորհակալ եմ կնոջս և ընտանիքիս, ովքեր ինձ հետ անցան այս ամենի միջով»:
Ստրոս Կանը շնորհակալություն է հայտնել գործը քննող դատավորից ու հավելել, թե այժմ պատրաստվում է վերադառնալ բնականոն կյանք:
Հիշեցնենք, ԱՄՀ ղեկավարի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանք էր ներկայացվել Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու հայտարարության հիման վրա: Մեղադրանքները հանելու տեղեկությունները սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ հետաքննությունը բացահայտեց մեղադրող կողմի, այն է նյու-յորքյան հյուրանոցի սպասուհու սուտ ու իրարամերժ ցուցմունքերը: