Թարգմանությունը նրա խաչն էր. Մահացել է Արմեն Հովհաննիսյանը
75 տարեկան հասակում օգոստոսի 24-ին մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Հովհաննիսյանը: Նա 75-ամյակը բոլորել էր վերջերս` մարտի 10-ին: Արմեն Հովհաննիսյանը հայերենով մեր հասարակությանն է մատուցել ռուս դասականների այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին են Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Վասիլի Բելովի «Էս, է-ն և ուրիշներ», Ալեքսանդր Սոլժենիցինի «ԳՈւԼԱԳ արխիպելագը», Դոստոևսկու «Կարամազով եղբայներ»-ը և այլ ժամանակակից գործեր:
Վերջին հարցազրույցներից մեկում նա ասել է, որ թարգմանել է ռուս դասական և արդիական գրականության բոլոր այն գործերը, որոնք և´ հրապարակի վրա են, և´ կարևոր նշանակություն ունեն: Իսկ ինչ վերաբերում է հեղինակների ընտրությանը, Հովհաննիսյանն ասել է, որ դա բոլոր իր թարգմանած հեղինակներին ինքն է ընտրել:
Իսկ թե ի՞նչն է կարևորել գործը թարգմանելիս նա ասել է. «Գրական որակը, գործի կարևորությունը և իհարկե, հետաքրքրությունը: Օրինակ. Նաբոկովը, որ հիմա ձեռքիս տակ է, մեծ գրող և ոճաբան է: Թարգմանությունը դարձնում է տաժանակիր գործ, իր ոճական շրջվածքներով, մտածողության եղանակով և դա անելն ինձ համար մեծ հաճույք է, երբ հաջողվում է սկզբում դժվար թվացող միտքը հաղթահարել, երբ հաջողվում է խրթին տեղերը լուծել, մտցնել մեր լեզվի մեջ: Դրանից է, որ բավարարված եմ զգում, անպայման …»:
Ահա նաև նրա մեկ այլ միտք իր կատարած գործի մասին. «Թարգմանությունը ծայրեծայր սեր է, միայն և միայն սեր: Եթե սեր չունես` հաջողության մասին մոռացիր: Ես սիրում եմ ռուս գրականությունը` թե´ դասական, թե´ արդիական: Գուցե դա իմ թերությունն է, բայց դա այդպես է: Դա անելը ես համարում եմ խաչ, որը տարիներ ի վեր կրել եմ, կրում եմ և պիտի կրեմ, մինչև հանգչելը …»:
Արմեն Հովհաննսիյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, օգոստոսի 25-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը՝ 18։00-ից։ Վերջին հրաժեշտը՝ Գրողների միությունում. ուրբաթ՝ օգոստոսի 26-ին, ժամը՝ 12։00-14։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են