Շախմատը կդասավանդվի 2-րդից 4-րդ դասարան` շաբաթական երկու անգամ
Երևանյան դպրոցներում շախմատը, որպես առանձին առարկա, կդասավանդվի 2-րդ դասարանից մինչև 4-րդ դասարան շաբաթական երկու անգամ: Այդ մասին այսօր քաղաքապետարանում կայացած ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: «Շախմատ առարկայից 5 անուն դասագիրք արդեն պատրաստ է, պատրաստ են նաև այդ առարկայից աշխատանքային տետրերը, ուղեցույց ուսուցիչների համար և վարժությունների տետրեր», -հավելեց քաղաքապետարանի պաշտոնյան` նշելով, որ դրանք դպրոցներին կբաժանվեն 2 օրից հետո:
Շախմատ առարկան, ըստ պատասխանատուի, կդասավանդվեն հատուկ վերազինված աշխատասենյակներում. Շախմատի ֆեդերացիայի օգնությամբ, բոլոր դպրոցները շախմատի գրատախտակներ կստանան:
Ինչ վերաբերում է շախմատ դասավանդող ուսուցիչներին, Սողոմոնյանն ասաց, որ նրանք արդեն կան. որոշ դպրոցներում ուսուցիչները վերապատրաստում են անցել, իսկ շատ դասարաններ ունեցող դպրոցներում էլ ուսուցիչներին կօգնեն Շախմատի ֆեդերացիայի մասնագետները: