ԿԳՆ-ն ՄԻՊ հայտարարության մեջ իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ որակումներ է արձանագրել
«Հետաքրքրությամբ ընթերցեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունը, ցավով արձանագրելով իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ որակումներ»- այս մասին, մեկնաբանելով ՄԻՊ-ի կողմից տարածված հայտարարությունը, ասված է ԿԳՆ տարածած մեկնաբանության մեջ:
Նշենք, որ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, թե Կրթության, գիտության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել և հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջև, փոխանցում են Մարդու իրավունքների պաշտպանի լրատվական ծառայությունից:
ԿԳՆ տարածած մեկնաբանության մեջ նաև նշվում է. «Կրկին տեղեկացնում ենք` «Մաթեմատիկա» առարկայի 5-6-րդ դասարանների համար դասագրքերի մրցույթի արդյունքները չեն վիճարկվել: Գուցե, ՄԻՊ գրասենյակը, խորամուխ չլինելով մրցույթի ընթացակարգի և բովանդակության մեջ, նկատի է ունեցել «Հանրահաշիվ 7-9 դասարանների համար» դասագիրքը, որի մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «Просвещение» հրատարակչության Ս. Մ. Նիկոլսկու դասագիրքը:
Հեղինակը` ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ս. Մ. Նիկոլսկին, բնականաբար չէր կարող լինել Հայաստանում դասագրքերի մրցութային հանձնաժողովի անդամ:
Որպես ՀՀ քաղաքացիներ, անհանգստություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրվող գնահատականների, հապճեպության և պակաս արհեստավարժության կապակցությամբ: Կարծում ենք, նման գործելաոճի շարունակումը կարող է վտանգի տակ դնել մարդու իրավունքների պաշտպանության ողջ ինստիտուտի կայացումը և զարգացումը մեր երկրում: ՄԻՊ գրասենյակը, կարծում ենք, պետք է բարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ինչը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից:
Պատրաստ ենք աջակցել մեր գործընկեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը նոր որակի և մակարդակի բարձրացնելու հարցում:
Օգտվելով առիթից, հայտնում ենք` ողջ հանրապետությունում ընթանում են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան