Երիտասարդ գիտնականները Ծաղկաձորում կքննարկեն գիտության խնդիրները
Օգոստոսի 26-28-ը Ծաղկաձորում տեղի կունենա «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողով: Համաժողովն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան։
Ծրագրի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել ՀՀ երիտասարդ ու ավագ սերնդի գիտնականներին, իրականացնել մտքերի փոխանակում, ներկայացնել թեմատիկ դասախոսություններ ու արդյունքում հասնել գիտության ֆինանսավորման ավելացման ուղիների վերհանմանն ու նպաստել այդ ուղիների դիվերսիֆիկացիայի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Համաժողովին կմասնակցեն երիտասարդ ու ավագ տարիքի գիտնականներ, գիտության կազմակերպիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ։
Երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ համաժողովը կբացի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Համաժողովի ընթացքում ելույթ կունենան ՀՀ գիտության կազմակերպման համար պատասխանատու կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրվող, հասարակական և ճշգրիտ գիտությունների ոլորտի ներկայացուցիչները՝ խոսելով գիտության առջև ծառացած խնդիրների մասին։
Համաժողովի ընթացքում անդրադարձ կլինի պետական բյուջեից գիտության ֆինանսավորման ձևերին, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման խնդիրներին։ Կներկայացվի գիտության ֆինանսավորման ոլորտում միջազգային փորձը։