
Արցախի նախագահը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակները, վստահ եմ, կարևոր ազդեցություն կունենան Աբխազիայի շարունակական զարգացման և նրա անկախ պետականության ամրապնդման վրա:
Հուսով եմ, որ մեր երկրների միջև առկա փոխհարաբերությունները Ձեր նախագահության ընթացքում ոչ միայն կպահպանեն կուտակված դրական դինամիկան, այլ նաև կհասնեն որակական նոր մակարդակի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ Ձեզ եղբայրական Աբխազիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում»: