Ի՞նչ հիմնադրամ ստեղծել. Երիտասարդ գիտնականները «Facebook»-ում քննարկում են նախագահի առաջարկը
Երիտասարդ գիտնականների հիմնադրամ ստեղծելու մասին նախագահի առաջարկը «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում քննարկումների տեղիք է տվել: Մասնավորապես, «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչ Հայկ Խանումյանի դիտարկմամբ, նախագահի առաջարկը «հոյակապ առաջարկ է»:
«Հոյակապ առաջարկ է երիտասարդ գիտնականների ֆինանսավորման հիմնադրամ բացելն ու այն բանիմաց կառավարիչներին հանձնելը։ Նման հիմնադրամը (վստահաբար եթե այն նախագահն է առաջարկել, ապա այդ մասին մտածել է ու հենց այս մոդելն էլ առաջարկելու է) պետք է միայն ու միայն հիմնված լինի անձեռնմխելի դրամագլխի վրա՝ առնվազն 50 միլիոն եվրո արժողությամբ, որի միայն տարեկան տոկոսները պետք է օգտագործվեն՝ մրցութային հիմունքներով տարաբնույթ գիտական ծրագրեր ֆինանսավորելու համար։ Լուրջ ինվեստիցիոն ֆոնդերի հետ է պետք պայմանավորվել ու դրամագլուխն աշխատեցնել նրանց միջոցով՝ ասենք տարեկան 10 տոկոսով։ Այսինքն այս հիմնադրամի միջոցով ամեն տարի գիտության մեջ կներդրվի ևս 5 միլիոն եվրո։ Եթե առաջարկի նպատակը սա է և պետք է որ սա լինի, քանի որ այն նախագահի առաջարկն է, ապա կարելի է և հավատալ, որ մի բան կփոխվի», գրել է Հայկ Խանումյանը:
Գրառում թողած մեկ այլ օգտատեր Աղասի Թադևոսյանի խոսքով, հիմնադրամները գիտության զարգացման օժանդակ միջոց են: «Հիմնական դերը խաղում է գիտնականի ու պրոֆեսորի աշխատավարձի չափը: Կարևոր է առաջնահերթությունները չխառնելը: Ես ֆոնդերով ու անհատ մարդկանց առանձին նախաձեռնություններով տարվելու վտանգը նրանում եմ հենց տեսնում, որ կարող է երկրորդական հարցերը առաջին պլան մղելով գործընթացը սխալ ուղով տանել», -իր հերթին նկատել է Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ հանրապետության նախագահը նախօրեին Ծաղկաձորում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցների հետ չնախատեսված հանդիպման ժամանակ առաջարկել էր երիտասարդ գիտնականների համար հիմնադրամ ստեղծել, ովքեր էլ կկառավարեն այն:
«Մեր հանդիպման արդյունքում ես կգտնեմ մարդիկ, ովքեր մի ֆոնդ կստեղծեն երիտասարդ գիտնականների համար, դուք կփորձեք այդ ֆոնդը կառավարել, դրանով ուրիշներին օրինակ ցույց տալ: Երբ որ լավ կկառավարեք, այն ժամանակ ֆոնդն էլ կավելացնենք, Ձեր կառավարման շրջանակներն էլ կավելացնենք»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին