Վրաստանի Հայ Համայնքը երկրի Հանրային պաշտպանին է ուղարկել դպրոցում խտրականության վերաբերյալ փաստաթղթեր
Վրաստանի Հայ Համայնքը կոչ-հայտարարությամբ դիմել է Վրաստանի Հանրային Պաշտպանին` Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ինչպես հայտնում են համայնքի մամուլի ծառայությունից, Վրաստանի Հայ Համայնքը Վրաստանի Հանրային Պաշտպանին կոչ է անում ուշադրություն դարձնել և ուսումնասիրել ՎՀՀ-ի արձանագրած` նշված դպրոցի հայկական բաժնում դպրոցի տնօրինության կողմից իրականացված խտրականության բազմաթիվ փաստերին: ՎՀՀ-ն նաև խնդրում է ուսումնասիրել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ բաժնում տիրող իրավիճակի առնչությամբ:
2010-2011 թ.թ. Վրաստանի Հայ Համայնքը հետևել է Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում տիրող իրավիճակին: ՎՀՀ-ն արձանագրել է դպրոցի տնօրինության կողմից բաժնի խտրականության բազմաթիվ փաստեր և մարդու իրավունքների խախտումներ:
Վրաստանի Հայ Համայնքը Վրաստանի Հանրային Պաշտպանին է ուղարկել Թբիլիսիի թիվ 103 դպրոցի հայկական բաժնում իր կողմից արձանագրած խտրականության դեպքերի փաստերը: ՎՀՀ-ն հույս ունի, որ տվյալ փաստաթղթերը կօժանդակեն Վրաստանի Հանրային Պաշտպանին տվյալ հարցի ուսումնասիրման ընթացքում: Հայտարարությունում ասվում է, որ Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի տնօրինությունը, բացի հայկական բաժնում խտրականությունից, թույլ է տվել բազմաթիվ վարչարարական, ֆինանսական, էթիկական և այլ խախտումներ:
Դիմումում նաև թվարկված են դպրոցի տնօրինության կողմից իրականացված խտրականության փաստերը, այդ թվում. դասերի մեծ մասը ռուսերեն լեզվով անցկացնելը; բաժինը լուծարելու բազմաթիվ փորձերը; երեխաներին դպրոցի հայկական բաժնի առաջին դասարանում գրանցվելուն խոչընդոտելը; ծնողների նկատմամբ ճնշումը` երեխաներին վրացական բաժին տեղափոխելու նպատակով; լուծարված ռուսական բաժնից հայկական բաժին փոխադրվելը մերժելը; հայկական 3-րդ դասարան բացելը մերժելը; սպառնալիքները, որ տարրական դասարաններում միայն մեկ` հայոց լեզու առարկան կանցկացվի հայերեն, իսկ մնացածները` ռուսերեն կամ վրացերեն լեզվով; հայկական բաժնի ուսուցիչների նկատմամբ մշտական հոգեբանական ճնշումը; աշխատանքային անհավասար պայմանների ստեղծումը (ռուսական և վրացական բաժինների համեմատությամբ); ոչ կոմպետենտության համար մշտական մեղադրանքը; հայկական բաժնի ուսուցիչների աշխատանքային ժամերի կրճատումը; հայկական բաժնի 18 ուսուցիչներից 9-ին աշխատանքից ազատելը իրենց վճարովի արձակուրդի ժամանակ` հիմնավորելով հայոց լեզվի դասաժամերի կրճատմամբ և այլն:
Դիմումի պատճենն ուղարկվել է Վրաստանի Նախագահին, Կրթության և գիտության նախարարին, Վրաստանի Խորհրդարանի նախագահին, Վրաստանի վարչապետին, Վրաստանում ՄԱԿ-ի և Եվրամիության ներկայացուցչություններ:
Անցյալում Վրաստանի Հայ Համայնքը բազմաթիվ անգամներ նամակներով և կոչերով դիմել է Վրաստանի Հանրային Պաշտպանին ու Կրթության և գիտության նախարարությանը` ուշադրություն դարձնել և դադարեցնել Թբիլիսիի հանրային դպրոցների հայկական բաժիններում տիրող խտրականությունը: Սակայն այս գերատեսչությունների կողմից ոչ մի արձագանք չկա, և դպրոցներում իրավիճակը միայն վատթարանում է:
Վրաստանի Հայ Համայնքը հույս ունի, որ Վրաստանի Հանրային Պաշտպանը կուսումնասիրի Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում արձանագրված խտրականության փաստերը և համապատասխան միջոցներ կձեռնարկի: