Սիրիայի նախագահը վերացրել է լրատվամիջոցների պետական գրաքննությունը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է երկրում լրատվամիջոցների գործունեությանը:
Այս մասին տեղեկատվություն է տարածել երկրի պետական «Սանա» գործակալությունը:
Ըստ այդմ, վերացվում է տեղի ու երկրում գործող միջազգային լրատվամիջոցների պետական գրաքննությունն ու վերահսկողությունը:
Լրատվամիջոցների վերաբերյալ փաստաթղթում ամրագրված դրույթները երաշխավորում են «խոսքի ազատությունն ու երկրի սահմանադրությունում, Մարդու իրավունքների հռչակագրում, ինչպես նաև Դամասկոսի կողմից վավերացված միջազգային համաձայնագրերում ամրագրված այլ ազատությունները»:
Օրենքի համաձայն, լրագրողները պետք է «պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց հրապարակումներին, տրամադրեն ազնիվ, օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկություններ՝ օրենսդրության համաձայն օգտագործելով ձեռք բերված տեղեկատվությունը»:
Նոր օրենքը պաշտպանում է հրատարակչությունների աշխատակիցների իրավունքը՝ «չբացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ՝ եթե դա պահանջվում է դատական գործընթացի շահերից ելնելով»:
Լրատվամիջոցներին արգելվում է նաև «ազգային միաբանությանն ու անվտանգությանը վնաս հասցնող նյութեր հրապարակել, որոնք ուղղված կլինեն կրոնին ու կարող են հրահրել հասարակական կամ դավանանքային անհամաձայնություններ»:
Նշենք, լրատվամիջոցների վերաբերյալ նոր օրենքն ընդունվել է կառավարության ձեռնարկած լայնամասշտաբ բարեփոխումների շրջանակներում: