Աշոտյան. Դպրոցներում շախմատի ուսուցումը շատերի կողմից որակվել է սենսացիա
Սեպտեմբերի 1-ից «Շախմատը», որպես հանրակրթական առարկա դասավանդվելու է հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, այսօր տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:
Նախարարը նշել է, որ շախմատը հանրակրթական ծրագրերում ընդգրկելու մտադրությունը քննարկվել է դեռ երեք տարի առաջ, և շեշտել, որ այդ «հանդուգն» ծրագիրը կյանքի կոչելու պահն արդեն հասունացել էր:
«Այսպիսով Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը դասավանդվելու է հանրակրթական բոլոր դպրոցներում, և ներառվել է հանրակրթության պետական չափորոշիչում: Գալիք տարի առարկան կդասավանդվի նաև երրորդ, իսկ հաջորդ տարի` չորրորդ դասարաններում: 2013 թվականին առարկան ամբոջ ծավալով ներդրված կլինի տարրական դպրոցում»,-ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամաբ, ընդգծել է նախարարը:
Այս քայլը դիտարկելով կրթական բարեփոխումների համատեքստում` Ա. Աշոտյանը մասնավորապես նշել է. «Մեր երկրում կրթական բարեփոխումներ իրականացնելու ընթացքում, որպես կանոն փորձել ենք կիրառել տարբեր երկրների առաջատար փորձը: Շախմատի ներմուծմամբ իրավիճակի փոփոխություն է նկատվում: Մեզ վրա է սևեռվել համաշխարհային մանկավարժական հանրության ուշադրությունը: Այդ մասին են վկայում միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքները: Հայաստանի այս քայլը շատերի կողմից որակվել է «սենսացիա»: Շախմատի ուսումնական ծրագրերի և դասագրքերի շուրջ արդեն լուրջ հետաքրքրություն կա: Մենք, իհարկե, բոլոր երեխաներին շախմատիստ դարձնելու նպատակ չենք հետապնդում` դա անիրատեսական է: Ուսումնական ծրագրերում այս առարկան ներառելու հիմնական նպատակն աշակերտների տրամաբանական մտածողության զագացումն է: Վստահ եմ, որ շախմատը կնպաստի սեփական որոշումների համար պատասխանատվություն կրող, հմուտ և կազմակերպված անհատի ձևավորմանը»:
ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ արդեն տպագրվել են «Շախմատ» առարկայի դասագիրքը, աշխատանքնային տետրերը, ուսուցչի ձեռնարկը և գործնական աշխատանքների հավաքածուն: Մինչև այս շաբաթվա վերջ, ըստ նախարարի, բոլոր դպրոցները կստանան համապատասխան գույք` շախմատի հավաքածու, սեղան, ցուցատախտակ և այլ պարագաներ: Բոլոր դպրոցներում ձևավորվելու են շախմատի կաբինետներ: Հանրակրթական դպրոցներում շախմատի ուսուցումն ապահովելու նպատակով, ՀՀ պետական բյուջեից 900 մլն դրամ է հատկացվել: Նախարարը տեղեկացրել է, որ երկրորդ դասարանում «Շախմատ» առարկան դասավանդվելու է շաբաթական 2 դասաժամով: Երկրորդ դասարանի ուսումնական ծրագրով «Ֆիզկուլտարա» առարկային հատկացված 3 դասաժամերից 1-ը տրամադրվել է «Շախմատին», երկրորդ դասաժամը հատկացվել է հավելյալ:
Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը տեղեկացրել է, որ վերապատրաստվել են 1219 մանկավարժներ, ովքեր «20» բալանոց սանդղակով հանձնել են քննություններ և ստացել դպրոցում դասավանդելու իրավունք: Ս. Լպուտյանը նշել է նաև, որ ուսումնական ծրագիրը մոտ երեք ամիս փորձարկվել է մայրաքաղաքի երկու դպրոցներում, արդյունքները դրական են եղել: Ասուլիսին ներկա մասնագետները`շախմատի ուսուցիչները, հոգեբան-մանկավարժները, վստահեցրել են, որ 6-7 տարեկան հասակը շախմատը յուրացնելու լավագույն տարիքն է համարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին