ԵՊՀ-ում դեռ մնացել են անվճար տեղեր. ռեկտոր
Մայր բուհն ունի 693 նոր ուսանող, ընդ որում այս թիվը վերաբերում է միայն ցերեկային ուսուցման համակարգին և ըստ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի` այն դեռ կարող է թե նվազել, թե ավելանալ: Մասնավորապես, այս թվի մեջ ներառված չեն արտասահմանցի ուսանողները, քանի որ նրանց ընդունելության քննությունները դեռ առջևում են:
Անկախ ուսանողների թվից բուհը չի պատրաստվում փոփոխության ենթարկել ուսման վարձերի մակարդակը. «Երկար տարիներ ԵՊՀ-ում ուսման վարձերի բարձրացում չի եղել ու դրա անհրաժեշտությունն առայժմ չենք տեսնում»,- այսօրվա ասուլիսում ընդգծեց Ա.Սիմոնյանը:
Ի դեպ, անկախ այն բանից, որ այս ուսումնական տարում ընդունվողների թիվը բավականին քիչ է, քանի որ դպրոցները, հայտնի է, շրջանավարտներ չեն տվել, այդուհանդերձ չեն կրճատվել անվճար տեղերը: Թեև կան ֆակուլտետներ, որոնցում այդպես էլ թափուր են մնացել այդ տեղերը. «Օրինակ` քիմիայի ֆակուլտետում»,- նշեց նա:
Կան նաև այնպիսինները, որոնք առաջին կուրս չեն ունենա` մասնավորապես ռադիոֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի և նմանատիպ այլ ֆակուլտետները: Ինչ վերաբերում է ընդունված 693 ուսանողների բաշխվածությանը, ապա առաջատարն են իրավաբանական, միջազգային հարաբերությունների, հայ բանասիրության, ժուռնալիստիկայի և այլ ֆակուլտետները:
Ինչ վերաբերում է կոռուպցիային և բուհում այս կոնտեքստում տիրող իրավիճակին, ապա ռեկտոր Սիմոնյանը հավաստիացրեց, որ ամենօրյա պայքար են տանում, բացի այդ նաև մի քանի ամիս է, ինչ ԵՊՀ-ում գործում է հակակոռուպցիոն ծրագիր, իրականացվում է մոնիթորինգ և այլն: Սակայն ինչ մնում է ավելի պրակտիկ գործողություններին, ասենք` կաշառակերության համար դասախոսի հեռացմանը, ապա. «Վերջին մեկ տարում որևէ դասախոսի կաշառակերության համար չենք հեռացրել»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին