Ուկրաինան պատրաստ է դատական գործընթաց սկսել ՌԴ-ի դեմ գազային պայմանագրերի հարցով
Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է դատական գործընթաց սկսել Ռուսաստանի հետ գործող գազային պայմանագրերը չեղյալ համարելու նպատակով: Այս մասին ուկրաինական «Корреспондент» պարբերականին հայտնել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Դուք մեզ պատին եք դեմ տվել, որտեղից միայն մեկ ելք կա` պայմանագրերի չեղյալ համարումը», - Ազարովը փոխանցել է իր զրույցի բովանդակությունը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակացությունների ժամանակ:
Վարչապետը հավելել է, թե պաշտոնական Կիևն արդեն համապատասխան խորհրդակցություններ է անցկացրել ուկրաինական և միջազգային փորձագետների հետ Մոսկվայի նկատմամբ հավանական դատական գործի հեռանկարների առնչությամբ և պատրաստ է սկսել գործընթացը:
Խոսելով Ռուսաստանից ներմուծվող գազի սակագնի մասին, Ազարովն ևս մեկ անգամ նշել է, թե այն արդարացի չէ և զգալիորեն բարձր է եվրոպական այլ սպառողների համեմատությամբ:
Հիշեցնենք, Ազարովի կառավարությունն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում է վերանայել Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը, որը ներկայումս կազմում է 450 դոլար/հազ.խմ: Ռուսաստանի Դաշնությունն, իր հերթին, հայտարարում է, թե պատրաստ է քննարկել ուկրաինական կողմի առաջարկները:
Ավելի վաղ, Ռուսաստանը վարչապետի և նախագահի մակարդակով հայտարարել էր, թե գազի սակագնի վերանայումն հնարավոր կլինի Ուկրաինայի` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, ինչը պաշտոնական Կիևը մերժել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան