Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանը կարող են մեկնել Լոնդոն
Լոնդոնի 2012 թ. օլիմպիական խաղերի հայաստանյան պատվիրակության կազմում, ամենայն հավանակությամբ, ընդգրկված կլինեն նաև մեր երկու առաջատար ձյուդոյիստները` Հովհաննես Դավթյանը (60 կգ, Գյումրի) և Արմեն Նազարյանը (66 կգ, Հրազդան): Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վարկանշային ցանկում (ըստ քաշային կարգերի) օգոստոսի 1-ի դրությամբ Հ. Դավթյանը 10-րդն է, իսկ Ա. Նազարյանը` 17-րդը: Նրանք մինչև տարեվերջ Աբու Դաբիում («Գրան պրի») և Տոկիոյում («Մեծ սաղավարտ») կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարերի:
Ի տարբերություն այլ մարզաձևերի, որոնցում օլիմպիական վարկանիշ կարելի է ձեռք բերել միայն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և վարկանշային մրցաշարերում, ձյուդոյում մրցումների մի ամբողջ շարք է անցկացվում: Դրանք են` աշխարհի գավաթի խաղարկությունը (10 փուլով), «Մեծ սաղավարտ» անվանումուվ չորս միջազգային մրցաշարերը,Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, «Մասթերս» շարքի և «Գրան պրի» մրցաշարերը: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան օլիմպիական խաղերի չեմպիոնին հատկացնում է 600, աշխարհի չեմպիոնին` 500, «Մասթերսի» հաղթողին` 400, «Մեծ սաղավարտում» հաղթած մարզիկին` 300, «Գրան պրին» նվաճողին` 200, Եվրոպայի չեմպիոնին` 180 միավոր: Վաստակած միավորների քանակով, ըստ քաշային կարգերի, կազմվում են դասակարգման նոր ցուցակներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական կազմը միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կհրապարակի 2012 թ. մայիսի 1-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան