ՊՆ. Աղասի Աբրահամյանի գործով մեկ սպա և մեկ զինվոր է ձերբակալվել
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» անունը կրող զորամասում մահացած ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի գործով երկու մարդ է ձերբակալվել՝ մեկ սպա և մեկ զինվոր։ Այս մասին Panorama.am-ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը։
«Բացահայտված է այն անձանց շրջանակը, ովքեր կարող էին մասնակցած լինել նրա նկատմամբ բռնության կիրառմանը, չի բացառվում, որ առաջիկայում գործի առնչությամբ նոր ձերբակալություններ լինեն»,- ասաց նա:
Դ. Կարապետյանը նաև նշեց, որ ձերբակալվածների անունները նախաքննության շահերից ելնելով և նրանց ընտանիքների անվտանգության նկատառումներով դեռևս չեն հրապարակվի։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, Աղասի Գեղամի Աբրահամյանը (ծնված` 1992թ.) օգոստոսի 26-ին, անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ է տեղափոխվել, որտեղ մեկ ժամ անց մահացել է:
Նշենք, որ նախօրեին կայացած մամուլի ասուլիսում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով խնդրին, նշել էր, որ Աղասի Աբրահամյանի մահվան հարցում հնարավոր մեղավորների շրջանակը բացահայտված է: Նախարարը նաև տեղեկացրել է, որ կատարվածի կապակցությամբ հարուցված է քրեական գործ, և դատաբժշկական փորձաքննության հետևանքով պարզվել է, որ 18-ամյա Աղասի Աբրահամյանի նկատմամբ արտաքին ներգործություն է եղել՝ խոստանալով ամեն ինչ անել, որպեսզի մեղավորները բացահայտվեն ու պատժվեն: