Կաթողիկոս. Մենք հավատում ենք, որ այս օրհնությունը պիտի շնորհներ իջեցնի մեր կրթական մշակների վրա
Գիտելիքի օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության արարողություն: Ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների, ուսումնարանների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև հանրակարթական դպրոցների աշակերտներ:
Եկեղեցական արարողակարգից հետո, Ամենայն Հայոց Հայրապետը օրհնության խոսք է ուղղել ներկաներին և նշել. «Մեծ և պատվական է ձեր կոչումն ու ծառայությունը, ձեզ է վստահված նոր սերնդի կրթությունը, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի գալիքը, որը բոլորս ուզում եք տեսնել լուսավոր ու պայծառ։ Դուք գիտելքներով հարստացնում եք մեր զավակներին, կրթում նաև նրանց հոգին ազգային արժեքներով, բարոյական սկզբունքներով` ազնվությամբ, արդարությամբ, մարդասիրությամբ, հայրենասիրությամբ և ամենայն առաքինությամբ, առանց որոնց չի կարող կանգուն մնալ ոչ մի հասարակություն, ոչ մի պետություն»: Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ:
«Ուսումնական տարին սկսելուց առաջ կրթության և գիտության նախարարը կրթական ոլորտի մշակներին առաջնորդում է Սուրբ Էջմիածին՝ բարձրացնելու իրենց աղոթքն առ աստված»,- ասել է հայրապետը և հավելել. «Մենք հավատում ենք, որ այս օրհնության արարողությունը պիտի շնորհներ իջեցնի մեր կրթական մշակների վրա: Եվ նրանք ի գործ կդնեն ամենայն ջանք, որպեսզի կրթեն զավակներ, ովքեր կլինեն արժանի քաղաքացիները մեր հայրենիքի»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով եկեղեցու դերակատարումը կրթության համակարգում և ընդհանրապես հանրային կյանքում, նշել է. «Դարեր շարունակ, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, հայ երեխայի կրթության խնդիրը լուծում էր Հայաստանյաց Առաքելական եկեղեցին: Անկախ պետության աշխարհիկ կրթական համակարգում ևս եկեղեցու դերը շատ կարևոր է, քանի որ կրթության գլխավոր առաքելությունը գիտելիք հաղորդելուն զուգահեռ արժեհամակարգ ձևավորելն է: Այստեղ հայոց եկեղեցին ո՛չ մրցակից ունի, ո՛չ էլ այլընտրանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան