Վարչապետ. Ձգտելու ենք անել հնարավորը, որպեսզի մեր երեխաները կրթություն ստանան լավ պայմաններ ունեցող դպրոցներում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Լոռու և Գեղարքունիքի մարզեր: Նոր ուսումնական տարվա նախօրեին վարչապետը Վանաձորում ներկա է եղել «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում վերակառուցված Ստեփան Զորյանի անվան թիվ 22 միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Տիգրան Սարգսյանը շրջել է ուսումնական հաստատությունում՝ ծանոթացել վերակառուցումից հետո ստեղծված պայմաններին:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ստեփան Զորյանի անվան դպրոց հաճախող աշակերտների թիվը ներկայում հասնում է 192-ի, սակայն այն հնարավորություն ունի ընդունելու 360 աշակերտ: Դպրոցի վերակառուցման նպատակով ներդրվել է 467 մլն դրամ: Ուսումնական հաստատությունն ունի մարզական և հանդիսությունների դահլիճներ, նոր կաթսայատուն, լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի ժամացույցային համակարգեր: Այն ամբողջովին կահավորվել է, համալրվել կրթական և մարզական գույքով, ինչպես նաև համակարգիչներով:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով դպրոցի աշակերտներին՝ կրթական հաստատության բացման և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նշել է, որ դպրոցաշինությունը եղել և մնում է կառավարության ծրագրերի առաջնահերթ ծրագրերի թվում. «Ձգտելու ենք անել հնարավորը, որպեսզի մեր երեխաները մշտապես կրթություն ստանան նման լավ պայմաններ ունեցող դպրոցներում», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան