Սեպտեմբերի առաջին տասը օրը ՃՈ-ն աշխատելու է հատուկ գրաֆիկով
«Ոստիկանությունը նախքան ուսումնական տարվա մեկնարկը նախապատրաստական աշխատանքներ է կատարել. բոլոր դպրոցների մոտ գծանշումներն արդեն ավարտված են, ճանապարհային երթևեկության կանոններն են դրված, իսկ ՃՈ անձակազմը առաջիկա տասնօրյակում հատուկ աշխատանքային գրաֆիկով է աշխատելու`«Ուշադրություն երեխաներ» կարգախոսով»,-լրագրողների հետ ընթացող հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ , ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Հիշեցնելով նախորդ տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը` վեց պատահար, որի հետևանքով մեկը զոհվել էր, վեցը վիրավորվել, ոստիկանության գնդապետը խնդրեց մանկավարժներին` նոր դպրոց հաճախող երեխաներին ուսուցանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նա տեղեկացրեց նաև, որ վաղվանից երթևեկելի կլինի նաև Աթենքի փողոցը: