Աշոտյան. Ուժեղ, գիտակ և բարեկեցիկ քաղաքացին հզոր պետության գրավականն է
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի միջնակարգ դպրոց:
Նախարարը շնորհավորել է աշակերտներին և մանկավարժներին գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Աշակերտներին մաղթելով գիտելիքների բացահայտումներով լի տարի և բարի երթ` Ա.Աշոտյանը մասնավորապես նշել է. «Նոր ուսումնական տարվա մեկնարկը համընկնում է մեր երկրի անկախության 20-ամյա հոբելյանին: Վստահեցնում եմ, որ մեր պետականության կայացման և զարգացման գրավականը գիտակ և բարեկեցիկ քաղաքացին է: Շատ կարևոր է գիտակցել, որ հենց գիտելիքն է ապահովում բարեկեցություն և ուժ: Որքան ուժեղ, գիտակ և բարեկեցիկ է պետության քաղաքացին, նույնքան հզոր է պետությունը»:
Դպրոցի գերեզանց առաջադիմությամբ աշակերտներին Ա. Աշոտյանը հանձնել է գովասանագրեր: Ծաղկունք գյուղի դպրոցի հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մարզպետն ու նախարարը ծանոթացել են դպրոցի դասասենյակային պայմաններին և համակարգչային սրահի տեխնիկական հագեցվածությանը: Ծաղկունքի դպրոցն ունի 135 աշակերտ, որոնցից 11-ը` առաջին դասարանցիներ: «Դար» բարեգործական հիմնադրամի և Աղաջանյաններ ընտանիքի աջակցությամբ դպրոցի շենքը վերջին տարիներին հիմնովին նորոգվել է, ապահովվել է ջեռուցմամբ և նոր գույքով: Նոր ուսումնական տարվա առաջին օրը տոնական էր կրկնակի` դպրոցն ապահովվել է նաև ինտերնետ կապով:
Միաժամանակ կրթօջախում մեկնարկել է «բաց դպրոց» նախագիծը, որի նպատակը, ինչպես նշել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ուսումնական գործընթացին զուգահեռ համայնքի բնակչության համար մշակութային և հանրային միջոցառումներ ապահովելն է: « Գյուղական դպրոցները պետք է դառնան համայնքային կյանքի էպիկենտրոններ, և համայնքի համար ծառայեն, որպես կրթագիտական, մշակութային և ժամանցային կենտրոններ»,-նշել է նախարարը և հավելել.«Բաց դպրոց գաղափարը գյուղական դպրոցների ապագան է: Սա երիտասարդությանը գյուղում պահելու մեխանիզմներից մեկն է: Պետք է ապացուցել, որ գյուղական դպրոցում հնարավոր է կազմակերպել ժամանակակից և որակյալ կրթություն»:
Նախարարը պատասխանել է նաև Ծաղկունքի դպրոցի լրագրողական ակումբի սաների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերին, դպրոցների ավարտական և միասնական քննություններին, կրթության տասներկուամյա համակարգին և այլ խնդիրների:
Սեպտեմբերի 1-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել է նաև Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագ դպրոց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան