Աշոտյանը շնորհավորել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին
Սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Այսօր մեկնարկում է անկախ Հայաստանի 20-րդ ուսումնական տարին, և լավագույն առիթն է ընձեռված` մեկ անգամ ևս հետ նայել, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները և հաստատակամորեն քայլել առաջ:
Կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներն իրենց հիմքում երկու հիմնական միտումներ ունեն` դիմակայելով համաշխարհային տեղեկատվական հոսքերին ու համահարթեցմանը` պահպանել մեր ազգային ինքնությունն ու ամուր պահել ազգային դպրոցի հիմքերը և լինելով եվրոպական ընդհանուր կրթական տարածքի մաս` ապահովել Հայաստանի կրթական համակարգի զարգացումը, մրցունակությունն ու միջազգայնացումը: Այս գործընթացներում հաջողության հասնելու գրավականը մեզանից յուրաքանչյուրի նվիրումն ու հետևողական աշխատանքն է:
Ժամանակակից աշխարհում տնտեսության և հասարակության զարգացման անկյունաքարը դարձել է գիտելիքը: Մեր երկիրը ևս պետականորեն որդեգրել է այդ մոտեցումը, և արդեն առկա են դրա վառ օրինակները: Մեր` կրթության ոլորտի ներկայացուցիչների խնդիրն է դառնում նպաստել գիտելիքի վերարժևորմանն ու հասարակական գիտակցության մեջ դրա արմատավորմանը:
Յուրաքանչյուր մեկնարկ լի է հույսերով և ակնկալիքներով:
Ցանկանում եմ, որ այս նոր ուսումնական տարում իրականություն դառնան յուրաքանչյուրիս նպատակները` ի շահ մեր ընտանիքների ու մեր երիտասարդ պետության:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին