Պոլիտեխնիկում առաջին կուրսեցիներն այս տարի 91-ն են
2011-2012 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակալավրատում կուսանի 91 ուսանող, (որից 4-ը` ՀՊՃՀ մասնաճյուղերում), իսկ ՀՊՃՀ քոլեջում` 347 ուսանող: Այս տվյալները տրամադրել են ՀՊՃՀ մամուլի ծառայությունից:
Նոր ուսումնական տարին ՀՊՃՀ-ում սկսվեց ճարտարագիտական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության ներկայացուցիչների ու առաջին կուրսեցիների հանդիսավոր հանդիպմամբ: Հին ու նոր պոլիտեխնիկցիներին ողջունեց համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արա Ավետիսյանը:
«Ձեր ընտրած համալսարանն արագընթաց տեմպերով ներդնում է կրթական արդիական տեխնոլոգիաներ և ուսումնառության կազմակերպման այնպիսի մեթոդներ, որոնք հնարավորինս կնպաստեն ժամանակակից չափանիշներին հարիր մասնագիտական կարողությունների ու հմտությունների ձևավորմանը և բարձրորակ ու միջազգային աշխատաշուկայում մրցունակ մասնագիտական ներուժի պատրաստմանը: Հուսով ենք, որ առավելագույնս կօգտվեք ընձեռվող այս հնարավորություններից և հետևողական ու համակարգված աշխատանքով, բարձր կարգա-պահությամբ և պոլիտեխնիկցուն բնորոշ պատվախնդրությամբ իրականություն կդարձնեք մեր բոլորի սպասելիքն ու ակնկալիքը»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՊՃՀ Երևանյան կրթահամալիրում բակալավրական կրթական ծրագրով հատկացված 642 տեղի համար (249 անվճար եւ 393 վճարովի) դիմել է 179 դիմորդ: Ընդունելության արդունքների համաձայն` ճարտարագիտական համալսարան են ընդունվել են 87 դիմորդ, որոնցից 43-ը պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար հիմունքներով), իսկ 44-ը` վճարովի: Առաջին կուրսեցիների թվակազմով առաջատար է համարվում ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը (35 ուսանող), երկրորդ տեղում է Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը (13 ուսանող), երրորդ տեղում` Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետը (12 ուսանող):
ՀՊՃՀ Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերում ընդհանուր դիմումների թիվը կազմել է 21. ընդունվել են 4-ը: Գյումրու մասնաճյուղում դիմումների թիվը կազմել է 9, ընդունվել են 2-ը, Վանաձորի մասնաճյուղում դիմել են 5 դիմորդ, ընդունվել է 1-ը, իսկ Կապանի մասնաճյուղում դիմումների թիվը կազմել է 7, ընդունվել է մեկ դիմորդ:
Այս տարի համալսարանը «Մեքենաշինություն և նյութերի մշակում», «Կիրառական մեխանիկա», «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությունների գծով ուսանողներ չի ունենա:
Բարեհաջող կերպով է ընթացել 9-ամյա կրթության հենքի վրա ՀՊՃՀ քոլեջի ընդունելությունը, որտեղ այս տարի կուսանի 347 ուսանող: Այժմ ընթացքի մեջ է ընդունելությունը ՀՊՃՀ հեռակա ուսուցման ֆակուլտետում և հեռակա կարգով մագիստրատուրայում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին