Հրայր Թովմասյանն այսօր հարազատ դպրոց էր այցելել
Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Վիրաբյանն ու ուսուցչական կոլեկտիվը սպասում էին իրենց նախկին սան` այսօր արդեն ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նախարարն էլ թերևս նույն հուզմունքով էր մտնում դպրոց, ինչպես առաջին դասարանցիները` սեպտեմբերի 1-ին: Նույն դասասենյակը, մարմնամարզության նույն դահլիճը , միայն թե տարիների ընթացքում կուտակված խնդիրները թողել էին իրենց հետքը:
Ու չնայած դրան, ինչպես Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մեկն ասաց. «Մեր բոլորի նպատակը նույնն է ` դառնալ հայ ժողովրդի կրթված և ուսումնատենչ սերուցքը, ձեր գործը կարևոր է սիրելի ուսուցիչներ, մեր վարքը կարևոր է սիրելի աշակերտներ, քանի որ այս ընթացքն անցնելիս հերոսաբար պետք է դրսևորվենք յուրաքանչյուրս»:
Մանկավարժների ջանքերով կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում աշակերտները` փոքր ու մեծ, երգեցին ու ասմունքեցին, լսեցին դպրոցի տնօրենի և գյուղապետի բարեմաղթանքները, շնորհավորեցին միմյանց: Միջոցառումն ամփոփեցին Պարյուր Սևակի բանաստեղծությամբ` «Քիչ ենք, բայց հայ ենք», որին դպրոցական տարիների հուշերով տարված կիսաձայն ակամա ձայնակցում էր նախարարը:
Տոնական միջոցառման ավարտից հետո դպրոցի աշակերտներն ուսուցիչների ուղեկցությամբ անցան հնացած, բայց մաքուր դասասենյակներ: Առաջին դասը նվիրված էր գիտելիքի օրվան և Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը 10-րդ դասարանցիների հետ իր անկեղծ ու անբռնազբոս զրուցը սկսեց մի պատմությամբ:
«Հին Հունաստանում մարդուն կարելի էր դատի տալ, եթե նա հրաժարվում էր կրակ կամ գիտելիք տալ խնդրողին: Գիտելիքը բոլոր դարերում կարևոր նշանակություն է ունեցել, մարդու հաջողությունների 99 տոկոսը պայմանավորված է գիտելիքով»,-ասաց նախարար Թովմասյանը,-«գիտելիքն այն ամենահզոր արժեքն է, որը կարող է ապահովել և դիրք, և աշխատանք, և հեղինակություն ու ազդեցություն: Հայաստանի նման երկիրը, որը չունի բնական պաշարներ, արտաքին աշխարհում մրցունակ կարող է լինել գիտելիքով միայն»:
Որպես ավագ ընկեր` Հրայր Թովմասյանը հորդորեց այսօրվա տասներորդցիներին գիտակցել ու գնահատել գիտելիքի արժեքը, հասկանալ, որ դպրոցում, հետո գուցե ուսումնական այլ հաստատություններում ստացած գիտելիքներով պետք է ծառայեն հայրենիքին: Ապա շնորհավորեց ու մաղթեց նրանց «ունենալ լավ աշխատանք, լավ գիտելիք և կառուցել բարեկեցիք կյանք հայրենիքում»:
Արդարադատության նախարարության կողմից էլ Դարակերտ գյուղի դպրոցի նախկին սան, զոհված ազատամարտիկ Դավիթ Լադոյանի անվան դպրոցի աշակերտներին համակարգիչ նվիրեց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան