Զինդատախազ. Հայտնի է` ինչ է կատարվել «Եղնիկներում»
«Ցանկացած հանցագործության բացահայտված լինելու մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ կունենանք մեղադրական եզրակացություն և արդյունքում նաև` մեղադրական դատավճիռներ», -այսօր Panorama.am-ի թղթակից հետ զրույցում հայտարարեց Գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե հայտնի «Եղնիկներ» կոչվող զորամասում Աղասի Աբրահամյանի մահվան հանգամանքները բացահայտված են:
«Հանցագործության բացահայտված լինելու փաստը հավաստում է երկու հանգամանքների միաժամանակյա առկայությամբ. դեպքի հանգամանքների ամբողջական պատկերի բացահայտումը և մեղավոր անձնաց շրջանակի միանշանակ հստակեցումը: Նկատի ունենալով, որ մենք դեռևս գտնվում ենք նախաքննության փուլում, հետևաբար մենք խոսել մարդկանց և մեղավոր անձանց շրջանակի ամբողջության և ամբողջականության մասին, այս պահի դրությամբ, չենք կարող», -հավելեց զինդատախազը:
Գևորգ Կոստանյանը, ով այս օրերին Լեռնային Ղարաբաղում է, մեզ հետ զրուցում նշեց, որ իրենց համար պարզ է` ինչպես է դեպքը տեղի ունեցել: «Դեպքի հանգամանքների վերարտադրությունը մենք արել ենք և գիտենք` ինչ է տեղի ունեցել իրականում: Իսկ հիմա մենք այն փուլում ենք, որ գնահատենք` այս դեպքին ով ինչքանով առնչություն ունի, ի՞նչ չափով մեղավորություն ունի և որո՞նք են նրա գործողությունների քրեաիրավական գնահատականներն ու որակումները: Հիմա մենք գտնվում ենք այդ փուլում», -նշեց Գևորգ Կոստանյանը:
Նա ասաց, որ այս պահի դրությամբ երկուսն են ձերբակալված: «Գործը քննության փուլում է, և նրանց թիվը կարող է մեծանալ և հակառակը», - ձերբակալությունների թվի հնարավոր մեծացման մասին հարցին պատասխանեց Կոստանյանը:
Նա պնդեց, որ հանցագործությանն առնչվող «բոլոր և ցանկացած մարդ միանշանակ և մաքսիմալ ձևով ենթարկվելու է պատասխանատվության»:
ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասում ընդամենը 8 ամիս ծառայած Աղասի Աբրահամյանը մահացել էր օգոստոսի 26-ին: Զինվորի ընտանիքը հայտարարել էր, որ իրենց տղան դաժանաբար ծեծվել է, գանգուղեղին ստացած մարմնական վնասվածքների հետևանքով էլ մահացել: