Ոստիկանությունը նույնպես զբաղվում է Վայքի աղմկահարույց դեպքով
Օգոստոսի 31-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հովհաննիսյանն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն ազդել է նորածնի առողջական վիճակի վրա:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Մ. Հովհաննիսյանի կողմից օգոստոսի 14-ին հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում, ինչպես նորածնի հարազատներն էին ներկայացրել, բժիշկ Հովհաննիսյանը անբարեխիղճ է գտնվել ծննդկանի նկատմամբ, և այժմ երեխան ծանր վիճակում գտնվում է Երևանի «Մուրացան» համալսարանական կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունքում: Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը Panorama.am-ին ասել էր, որ երեխան ծնվել է շնչահեղձուկով (ասֆիքսիա), որի առաջացման պատճառը եղել է պորտալարի հանգույցը:
Panorama.am-ը նաև տեղեկացրել է, որ Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում կատարվում է ծառայողական քննություն, իսկ Մետաքսյա Հովհաննիսյանի գործունեությունը կասեցվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան