Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Կարինե Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 6-11-ը ՌԴ Կալինինգրադ քաղաքում կանցկացվի հայազգի նշանավոր կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթը (անցկացվում է 2 տարին 1 անգամ): Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հեղինակավոր այդ մրցույթին Հայաստանը կներկայացնի երգեհոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը: Ժյուրիի կազմում հանդես կգա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Մրցույթի օերին կանցկացվեն Միքայել Թարիվերդիևի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգներ, կլինեն պրեմիերաներ:
Նշենք, որ 1999 թ. 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է երգեհոնահարների Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթ:
Աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ապա Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միքայել Լևոնի Թարիվերդիևը ծնվել է 1931թ օգոստոսի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում: Թարիվերդիևը կինոյում ստեղծագործել է 1958 թ-ից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն: Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար:
Թարիվերդիևն արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին: 1997 թ-ին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը:
Մահացել է 1996թ. հուլիսի 25-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են