«Վերջին անգամ դպրոցում եմ կարդացել, այն էլ ստիպում էին». Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հռչակվել է 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հետաքրքիր է, թե ինչպես է գրախանութների պակաս ունեցող մայրաքաղաքը ստանձնելու այդ տիտղոսը (համեմատության համար նշենք, ուր 1 մլն 122 հազ. բնակչություն ունեցող Երևանում, տարբեր աղբյուրների համաձայն, գործում է 5-6 գրախանութ, իսկ 2,3 մլն բնակչություն ունեցող Վիեննայում՝ 700-ից ավել): Հետաքրքիր է նաև, թե ինչպես է այսօր գրականությունից բավականին հեռվացած երիտասարդությունն ընդունում այդ փաստը. չէ՞ որ համաշխարհային գրքի մայրաքաղաքում բնակվողները գոնե ինչ որ չափով պետք է ծանոթ լինեն համաշխարհային գրականությանը:
Երևանյան հատուկենտ գրախանութների կողքով անցնելիս, նկատում ենք, որ այնքան էլ մարդաշատ չեն. պատճառները կարող են լինել՝ գիրքը այսօր բավականին թանկ հաճույք է դարձել, այն, ինչ ցանկանում են գնել, մարդիկ կարող են գտնել նաև ինտերնետում, պարզապես՝ կարդացողներն այսօր քիչ են:
Երբ երիտասարդներից փորձում էինք հետաքրքրվել, թե ինչ ժանրի գրականություն են նախտընտրում ու կարդացած վերջին գիրքը որն է եղել ու երբ, բավականին «տխուր» պատկեր ստացանք: «Վերջին անգամ գիրք կարդացել եմ երևի 7-8-րդ դասարանում», «Արդեն չեմ էլ հիշում երբ ու ինչ եմ կարդացել», «Վերջին անգամ դպրոցում եմ կարդացել, այն էլ ստիպում էին, թե չէ ես կարդացողը չեմ», «Ինչ ուզում եմ, ինտերնետից իմանում եմ էլի, էլ ի՞նչ գիրք, բան», … նման պատասխանները գերակշռում էին:
«Այս պահին կարդում եմ Դոստոևսկի», «Հայտնի գրողների կենսագրություններն եմ սիրում ընթերցել», «Եթե մի օր գոնե մի քանի էջ չեմ կարդում, օրս օր չեմ համարում», … կային նաև նման պատասխաններ, բայց, ցավոք, հազվադեպ:
Ինչպես պարզեցինք, ժամանակակից հայ գրողները գրեթե ճանաչված չեն: Տաս հոգուց գոնե մեկը չկարողացավ նշել 1-2 ժամանակակից գրողի անունն: 1-2-ն էլ փորձում էին մտաբերել, բայց՝ ապարդյուն:
Նման պայմաններում մի՞թե կարող է Երևանը հավուր պատշաճի դիմավորել ու անցկացնել այն միջոցառումները, որին արժանի է գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Հազարամյա մշակույթ և քաղաքակրթություն ունեցող ու դրանցով հպարտացող երկիրն ու ժողովուրդը աստիճանաբար մոռանում է ինչ ասել է ընթերցանություն: Մեր հարցումները ցույց տվեցին, որ խոսքը տվյալ պարագայում ավելի շատ երիտասարդ սերնդի մասին է: Իհարկե, ինտերնետն ու բարձր տեխնոլոգիաները անհրաժեշտ են և զարգացման պարտադիր նախապայման: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գրախանութների թվի կրճատման հաշվին համակարգչային խաղերն ու ինտերնետ-ակումբներ բացելը վնասելով գրականության հետ կենդանի շփմանը, ամենևին էլ չի նպաստում համակարգչային գիտելիքների աճին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են