Հայ թավջութակահարին վիրավորած Գորենշտեյնին աջակցողներ են գտնվել
Ռուսաստանի մշակութային գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնի. Նրանք բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանը օգնել Գորենշտեյնին` վերջինիս և նվագախմբի անդամների միջև ծագած վեճում: Մշակութային գործիչների բաց նամակը տպագրված է «Ռոսիսկայա գազետա» թերթում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի անդամները ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևին խնդրել են հեռացնել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնին: Նամակում երաժիշտները հայտարարել են, որ այլևս չեն ցանկանում աշխատել Գորենշտեյնի հետ, քանի որ նվագախմբում ծանր իրավիճակ է ստեղծվել: Նվագախմբի երաժիշտների` դիրիժորի հետ չաշխատելու պատճառներից մեկն այն է, որ բազմաթիվ կրճատումներ են տեղի ունեցել: Վերջին մի քանի տարում, ըստ նամակագիրների, նվագախմբից կրճատվել է 280 մարդ, ընդ որում 2010-2011 թվականների ընթացքում խումբը լքել է 60 երաժիշտ:
«Մենք վստահորեն խնդրում ենք ձեզ միջամտել այս իրավիճակին, թույլ տալ դիրիժորին հանգիստ աշխատել, չթողնելով քանդել նվագախումբը, որը Ռուսաստանի և աշխարհի էլիտար նվագախմբերից մեկն է», -ասված է ՌԴ նախագահին, Պետդումայի ղեկավարությանը հասցեագրված նամակում: Նամակի տակ ստորագրել են Յուրի Բաշմետը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Ալեքսանդր Կալյագինը և շատ ուրիշներ:
Նկատենք, որ Գորենշտեյնը հայտնի է հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի նկատմամբ Չայկովսկու անվան մրցույթի ժամանակ ցուցաբերած անբարյացկամ վերաբերմունքով. փորձի ժամանակ, երբ մրցույթի եզրափակիչ փուլ անցած` Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը արդեն հեռացած է եղել, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը հեգնական ու վիրավորական արտահայտություններ է արել Հայաստանի ներկայացուցչի հասցեին ու նվագախմբին հորդորել ուշադրություն չդարձնել, թե ինչպես է նվագում այդ տղան, այլ նվագել այնպես, ինչպես ինքը` Գորենշտեյնն է ուզում: Մրցույթի կազմկոմիտեն, ինչպես նաև դրա նախագահ Վալերի Գերգիևը պաշտոնապես քննադատել են դիրիժորի այդ քայլը, ինչից հետո Գորենշտեյնը ստիպված է եղել բժշկի տեղեկանք է ներկայացրել ու չի մասնակցել մրցույթի վերջին եզրափակիչ փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են