«Եղնիկների» գործից. Ծեծված զինծառայողը 10 ժամ մնացել է բուժկետում, բացարձակ անօգնական
ԼՂՀ-ի «Եղնիկներ» կոչվող զորամասում 18-ամյա ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանին և դաժանորեն ծեծել են և բռնության ենթարկել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը` ներկայացնելով Աբրահամյանի մահվան հանգամանքները, տեղեկացրեց գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Կա ծեծի ու բռնության էպիզոդ գումարտակում, որի արդյունքում, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, տուժողը սկսել է իրեն վատ զգալ, ինչի հետևանքով գիտակցությունը կորցրել և վայր է ընկել: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է զորամասի բուժկետ, որը գումարտակից 30 կիլոմետր հեռավորության վրա է: Այնուհետև մոտ 10 ժամ գտնվել է բուժկետում, բացարձակ անօգնական վիճակում, ինչին գումարվել է բուժկետի պետի կողմից բռնության կիրառման էպիզոդը, այնուհետև մեր զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ և մենք ունենք գրանցված մահվան փաստ», -ներկայացրեց Կոստանյանը` նկատելով, որ միայն նախաքննությունն ավարտելուն պես Աբրահամյանի մահվան հանգամանքների ամբողջական պատկերը հայտնի կդառնա:
Մահվանից հետո նախկին զինծառայող Աբրահամյանի ծնողներին տեղեկացրել էին, որ իրենց տղան թունավորվել է, այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, վայր է ընկել անկողնուց ու մահացել: Կոստանյանն ասաց, որ ի սկզբանե թունավորումը, մահճակալից ընկնելը կամ այլ վարկածներ քննարկման առարկա չեն դարձել նախաքննական մարմնի համար, քանզի Աղասի Աբրահամյանի մարմնի վրա ակնհայտ են եղել բռնության հետքեր: «Տարբեր անձինք իրավունք ունեն անել տարբեր հայտարարություններ, լավ չի որ անձը, որը չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանն ու ապացույցներին, իրեն իրավունք է վերապահում անել որևէ հայտարարություն: Բայց դա բացարձակ չի նշանակում, որ նախաքննության մարմինը որևէ կաշկանդվածություն կարող է ունենալ», -հավելեց զինդատախազը:
Նախաքննական մարմինը, ըստ Կոստանյանի, կաշկանդված չէ նաև հարուցված քրեական գործով` ՀՀ ՔՕ-ի 375 հոդվածի 1-ին մաս` «Իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ անգործություն» կամ մեկ այլ հոդվածով: «Այդ հանգամանքը դեռևս չի նշանակում, որ դա բացարձակ փաստ է: Քրեական գործ հարուցվում է հիմնավոր կասկածի հիման վրա», նկատեց Գևորգ Կոստանյանը` նշելով, որ քննության ցանկացած փուլում մեղադրանք կարող են առաջադրել որևէ այլ հոդվածով, քանի որ «որևէ կաշկանդվածություն չկա»:
Նշենք, որ բուժկետի սպայի նկատմամբ, որն այժմ կալանավորված է, մեղադրանք է առաջադրվել հենց վերոնշյալ հոդվածի հատկանիշներով: Իսկ թե ինչո՞ւ սպայի անունը չի հայտարարվում, Գևորգ Կոստանյանն ասաց, որ անձի երաշխավորման խնդիր կա: «Երբ կա նման հանցագործություն, որևէ կերպ չենք կարող երաշխավորել այդ անձանց անվտանգությունը», -նշեց զինդատախազը:
Հարցին, թե բուժկետի սպան ինչո՞ւ պետք է բռնություն կիրառեր զինծառայողի նկատմամբ, արդյո՞ք ճանաչել է նրան, Կոստանյանն ասաց, որ հարցին կարող են պատասխանել նախաքննության ավարտից հետո միայն:
Հարակից լուր. Եղնիկների գործով ձերբակալությունները շարունակվելու են, զինդատախազը բացառեց հովանավորչությունը