Գ. Մինասյան. Մենք երբեք չենք կարող վտանգել մեր ազգային և պետական շահերը
«Միջազգային ուժային կենտրոնների և մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համար ակնհայտ է, թե ով է տապալել Կազանյան գործընթացը, իսկ այն, ինչ տեղի է ունեցել Կազանից հետո, դրա վառ ապացույցն է, որովհետև ԱՊՀ գագաթաժողովին Ադրբեջանի ղեկավարի չմասնակցելը, ինչպես նաև՝ Ալիև-Մեդվեդև վերջին հանդիպումը խոսում են այն մասին, որ իսկապես, համանախագահող երկրների կողմից, Ադրբեջանի նկատմամբ բավականին կոշտ նեգատիվ վերաբերմունք է ձևավորվել»,- մեկնաբանելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում նկատվող զարգացումները՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խոհրդի անդամ Գագիկ Մինասյանը:
«Համանախագահող երկրները հասկացել են, որ չնայած այն հանգամանքին` Հայաստանը պատրաստ է գնալ առողջ փոխզիջումների, գոյություն ունի կարմիր գիծ, որը մենք երբեք չենք կարող հատել ու վտանգել մեր ազգային և պետական շահերը: Իսկ ահա Ադրբեջանը կառչած է սին ստերոտիպներից, որոնց հենց ինքն է հնարել իր համար ու ինքն էլ դարձել է դրանց գերին: Մենք պետք է ակնկալենք և ամեն ինչ անենք, որ այն մտայնությունը, ինչն առկա է համանախագահող երկրների մոտ, Ադրբեջանի նկատմամբ արտահայտվի նաև բանաձևերով»,- ընդգծեց Գ. Մինասյանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ մշտապես նշվում է Ադրբեջանի կողմից անկախատեսելի գործողությունների գնալու հնարավորության դեպքում միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի գնալու անհրաժեշությունը, Panorama.am-ի խնդրանքով պրն. Մինասյանը նաև անդրադարձավ ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության համաձայնագրերում փոփոխություններ նախապատրաստվելու տեղեկատվությանը, ինչը կոչված է վերանայելու կառույցի ներսում որոշումների ընդունման մեխանիզմները:
Ըստ այդ տեղեկատվության, Ռուսաստանն առաջարկում է որոշումները կառույցում համընդհանուր համաձայնությամբ` կոնսենսուսով ընդունելու փոխարեն, ներմուծել նոր մեխանիզմ` այն է` որոշ հարցերի շուրջ պայմանավորվել անդամ երկրների ձայների մեծամասնության սկզբունքով:
«Ես համոզված եմ, որ այս փոփոխությունների կյանքի կոչվելուց հետո ՀԱՊԿ կենսունակությունն էապես կմեծանա, որովհետև շատ խնդիրներում և մասնավորապես,կոնֆլիկտների կարգավորման հարցերում ՀԱՊԿ անդամ երկրները կարող էին տարբեր նկատառումների ելնելով, տարբեր դիրքորոշումներ ունենային: Գործնականում անհնար էր ակնկալել այդ հարցում կոնսենսուսային որոշում: Այն մեխանիզմները, որոնք այսօր առաջարկվում է կյանքի կոչել, շատ ավելի գործուն են դարձնելու ՀԱՊԿ-ն, ինչը ենթադրում է, որ նրա միջամտության հնարավորությունները, թեժ կետերում, խնդիրների կարգավորման առումով կլինեն առավել գործնական:
Սա կարծում եմ թույլ կտա էապես բարձրացնելու թե՛ կառույցի դերը և թե՛ նրա՝ կոնֆլիկտներին միջամտելու հնարավորությունը: Միգուցե լինեն վերանապահումներ այն երկրների մասնակցության համար, որոնք կողմ չեն քննարկել, բայց դա արդեն տեխնիկայի հարց է»,- եզրափակեց Գ. Մինասյանը: